Վարդգես Գասպարին գոհ չէ ՄԻԵԴ վճռից․ անտեսվել է նրան կտտանքների ենթարկելու փաստը

0
169

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրեր առաջ բավարարեց քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բողոքը՝ Հայաստանին պարտավորեցնելով նրան վճարել 5500 եվրո որպես բարոյական վնասի հատուցում և 350 եվրո` որպես փոխհատուցում արված դատական ծախսերի համար: Ստրասբուրգի դատարանը գտնել էր, որ 2008 թվականին խախտվել է Գասպարիի արդար դատաքննության իրավունքը:

Ակտիվիստին այնքան էլ չի գոհացրել եվրոդատարանի վճիռը, պատճառաբանում է՝ ՄԻԵԴ-ը շատ կարևոր հանգամանք է անտեսել․․․

«Իմ նկատմամբ որևէ ֆիզիկական բռնություն տեղի չի ունեցել, ինձ միայն ահաբեկում ու հոգեբանորեն ճնշում էին»

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, Գասպարին, անտեղյակ լուսաբացի  արյունալի իրադարձություններին, տանից քայլել է դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ հենց ձերբակալվել և բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն․

«Բաժնում մի քանի անգամ առաջարկեցին գրել, որ ցույցերի չեմ մասնակցել, խոստանալով՝ բաց թողել, ես՝ չհամաձայնվեցի։ Տարան մի սենյակ, որտեղ շատ մարդիկ կային ու կրկին փորձեցին բացատրություն վերցնել, բայց ես ոչ մի բառ չխոսեցի, պահանջելով կանչել իմ փաստաբանին։ Երևի հասկացան, որ չարժի իմ նկատմամբ որևէ գործողություն իրականացնել, քանի որ դեռ ոչինչ չարած՝ ես արդեն փաստաբան էի պահանջում։ Դա իրենց համար տարօրինակ էր, ուստի՝ ձեռքերը լվացին ինձնից»,- Forrights-ի հետ զրույցում 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը վերհիշեց Գասպարին։

Քննիչը Գասպարիի «տարօրինակ պահվածքի» մասին զեկուցում է պետին, ով պահանջում է, որ ակտիվիստը հետևի իրեն։ Գասպարիի խոսքով, իրեն թվում էր՝ տանում են ծեծեն, սակայն նրան տանում են առանձին սենյակ, որտեղ պետը, նրա աչքի առաջ, երկաթյա մահակով ջարդում է երկրապահներից մեկի դաստակը․

«Երևի, բացի նրանից, որ այդ տղայից վրեժ էին լուծում, նաև ուզում էին ինձ ահաբեկել»։

Ոստիկանությունում Վարդգես Գասպարիի նկատմամբ որևէ բռնություն տեղի չի ունենում, նրան միայն ահաբեկում և հոգեբանորեն ճնշում են։ Այսօր էլ նա չի կարողանում հասկանալ՝ ինչո՞վ է առանձնացել այն ակտիվիստներից, որոնք խոշտանգվել են ոստիկանական բաժանմունքներում։

Գասպարիի նկատմամբ քրեական գործ է հարուցվում՝ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու հոդվածով։ Նրա դեմ ցուցմունք են տալիս երկու ոստիկան, որոնցից մեկը՝ Էդգար Պետրոսյանը, ցուցունք էր տվել նաև երեք այլ քաղբանտարկյալների դեմ։

«Ըստ այդ ցուցմունքների, էդ ոստիկանն առավոտյան ժամը 8-ի սահմաններում երեք տարբեր տեղերում է եղել ու տարբեր մարդկանց բերման ենթարկել, որոնցից մեկն էլ ես եմ եղել։ Այս հանգամանքը դատարանում իմ փաստաբանը բարձրացրեց, սակայն՝ անօգուտ։ Կեղծ ցուցմունքներով գործը տարան մինչև վերջ ու ինձ դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման»,- նշում է նա։

«․․․երկարացնող կաբելը գցեց վզիս, որ խեղդի»

Խոշտանգումը Գասպարիի նկատմամբ սկսվում է արդեն քրեակատարողական հիմնարկում։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական տարրերի կողմից նա սկսում է ենթարկվել «կտտանքների»․

«Այնտեղ մարդուն կարգադրում էին շարժվել զոն նայողների ասածներով։ Առաջին իսկ օրը ես հրաժարվեցի կատարել նրա պահանջները։ Ըստ այնտեղ տիրող բարքերի, պետք է «օբշյակ» գումար մուծվեինք, իսկ ես կտրականապես հրաժարվեցի կոպեկ անգամ տալ։ Այ հենց այդ պահից էլ սկսվեցին հալածանքներն իմ նկատմամբ, ընդհուպ բանը հասավ մինչև մահափորձի»,- նշում է Գասպարին և պատմում դաժան օրերի մասին․

«Հացադուլիս մեջ գտնվելու օրերին, ինձ պահում էին մի թմրամոլի հետ նույն խցում։ Էդ տղան էլ պարբերաբար ինձ էր մեղադրում, իբր իմ պատճառով իրեն թմրանյութ չեն բերում․ ինձնից են վախենում։ Մի գիշեր էդ մարդու թմրանյութն ուշացել էին, շատ էր ներվայնացել, երկարացնող կաբելը գցեց վզիս, որ խեղդի։ Ես մի կերպ հաջողացրի հանել, խլեցի ձեռքից, ուզեց կաբելի ծանր մասով հարվածել գլխիս, էլի կանխեցի, ինքնաշեն դանակով ցանկացավ հարվածներ հասցնել, խույս տվեցի։ Այսպես պարբերաբար իմ նկատմամբ մահափորձեր էր իրականացնում, բայց․․․հաջողության չհասան»։

Այս հալածանքների մասին Գասպարին և իր պաշտպանը բարձրաձայնում են դատարանում, սակայն գործը քննող դատավոր Արշակ Պետրոսյանը անուշադրության է մատնում այդ կարևորագույն հանգամանքը․

«Էդ ձեր մեմուարներն ինձ չեն հետաքրքրում, կգնաք ուրիշ տեղ կպատմեք»։

«12 տարի անց Եվրոպական դատարանի վճիռն ինձ չբավարարեց»

Հայաստանյան ներպետական ատյանները սպառելուց հետո, Գասպարին դիմում է Մարդու Իրավունքների եվրոպական դատարան, որտեղ հաջողության է հասնում միայն 12 տարի անց։ Օրեր առաջ՝ մարտի 26-ին, դատարանը բավարարում է նրանց բողոքը, սակայն անտեսում՝ նրան կտտանքների ենթարկելու փաստը․

«Եվրոպական դատարանի վճիռն ինձ չբավարարեց, քանի որ անտեսվել էր խոշտանգումից զերծ մնալու իմ բացարձակ իրավունքը։ Մտածում եմ՝  դրա պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ 2008 թվականին փաստաբաններն այնքան ահաբեկված էին, որ շատ քչերն էին հանձն առնում զբաղվել ձերբակալվածների հարցով։ Բացի դրանից այդ ժամանակ իշխանություններն այլ էին, լծակ ունեին ՄԻԵԴ-ում՝ Ալվինա Գյուլումյանը, ով էլ խոչընդոտել է այդ կարևորագույն խնդրի բարձրաձայնմանը»,- կարծիք է հայտնում Գասպարին։

Մեկ տարի քրեակատարողական հիմնարկում անցկացրած Գասպարին այսօր էլ այն կարծիքին է, որ ազատազրկման վայրերում ոչ թե վարչակազմն է իշխում, այլ քրեական ենթամշակույթը․

«Կալանավայրերը ոնց որ արենդայով տված լինեն զոննային։ Այնտեղ արդեն ամեն ինչի տեր ու տնօրենը զոն նայողն ա։ Ինչ ուզում անում են, ինչքան ուզում սկսում են սրանից-նրանից պահանջել։ Որևէ արգելք չկա զոննայի համար՝ արենդայի փողը վերցրել եք, ուրեմն էլ ոչ մի բանի տերը չեք»։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here