Տևական ժամանակ է, ինչ իրավապաշտպաններն իշխանությանը հորդորում են օր առաջ քայլեր ձեռնարկել և բեռնաթափել քրեակատարողական հինարկները։ Նման շտապողականությունը բացատրելով՝ կալանավայրը, հանդիսանալով լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման համար անհամեմատ ավելի հարմար վայր է և մեկ վարակի դեպքն անգամ կարող է շատ արագ տարածվել ամբողջ փակ համակարգում։ Իրավապաշտպանների հորդորները, սակայն, այդպես էլ օդում կախված մնացին։
Արդեն այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից հինգի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․
«Վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։ Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ տարածումը կանխարգելելու համար ժամ առաջ պետք է կորոնավիրուսի թեստավորում անցկացնեն ամբողջ «Վարդաշեն» հիմնարկում․
«Շուտափույթ ձևով պետք է թեստավորում անցնեն ինչպես մնացած աշխատակիցները, այնպես էլ այնտեղ գտնվող ազատազրկված անձիք։ Ինչքան էլ նախարարությունը նշի, որ այդ աշխատակցները որևէ շփում չեն ունեցել դատապարտյալների հետ, միևնույն է, նրանց օգտագործած առարկաների միջոցով կարող է վարակը տարածվել։ Թեստի արդյունքներն էլ արդեն հետագա քայլերը ցույց կտան»,- Forrights-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով՝ հաջորդ կարևորագույն գործողությունը քրեակատարողական համակարգի բեռնաթափումը կլինի։ Ըստ նրա՝ համաներում հայտարարելն այս դեպքում ամենաարդյունավետ որոշումը կլինի, քանի որ ամենախոցելի շերտում այս պարագայում գտնվում են պատժի կրման փակ և կիսափակ ռեժիմում գտնվող դատապարտյալները։
Նախարարը, սակայն, չի կիսում իրավապաշտպանի կարծիքը։ Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով համաներման անհրաժեշտությանը, նշեց․
«Քանի որ երկար ժամանակ շահարկվում է համաներում հայտարարելու հարցը, մեջբերելով այլ երկրների օրինակները, ես խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել, որոնք 120-200 տոկոս են կազմում: Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջանակում է, մենք չունենք կրիտակական վիճակ, որ դիմենք ծայրահեղ միջոցների և համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները, նման խնդիր չունենք»,- ասաց նախարարը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, սակայն, հակադարձում է նախարարին՝ անգամ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գերծանրաբեռնվածություն չկա, պետք է շուտափույթ կարգով համաներում իրականացնել․ այդ հանգամանքը չպետք է էական նշանակություն ունենա այս գործում․
«Պետք է օգտվել կորոնավիրուսի ստեղծած «հնարավորությունից» և համաներում կազմակերպել՝ բեռնաթափելով մեր կալանավայրերը։ Թեթև հանցագործություն կատարած անձանց գործը պետք է ուսումնասիրվի, առանձնացվեն կոնկրետ դեպքեր և նրանք տուն գնան, որտեղ ավելի պաշտպանված կլինեն վիրուսից։ Փակ հաստատություններն ամենավտանգավոր տեղերն են, որտեղ, եթե ոտք դնի վիրուսը, բավականին ինտենսիվ կերպով կտարածվի։ Նախնական քայլերը պետք է լինեն ավելի քան մտածված և հաշվարկված, ինչը մեր դեպքում բաց է թողնվել։ Այս տարբերակով գոնե կկանխվի լայն տարածումը»,- նշում է իրավապաշըպանը։
Հավելենք, որ կորոնավիրուսի համավարակը ստիպել է աշխարհի տարբեր պետությունների դատապարտյալներին ազատ արձակելու որոշումներ ընդունել:
Դեռ մարտի 23-ին Ֆրանսիան հայտարարեց, որ 5000-ից ավելի դատապարտյալներ, որոնք դատապարտված են թեթև հանցանքների համար, որոնք լավ վարք են ցուցաբերել և որոնց ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին, ազատ կարձակվեն:
Նրան հետևեց Գերմանիայի Հյուսիսային Ռեյնի-Վեստֆալիայի վարչատարածքը, հայտարարելով, որ պատրաստվում է մոտ 1000 դատապարտյալների ժամանակավորապես բաց թողնել:
Արդեն մարտի 25-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ արեց բերնաթափել կալանավայրեր․
«Շատ երկրներում կալանավայրերը ծանրաբեռնված են, այդպիսի պայմաններում ֆիզիկական հեռավորություն պահելը և ինքնամեկուսացումը գործնականում անհնար են… Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն դատապարտյալների և անձնակազմի շրջանում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: