Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման իններորդ միջոցառումը:
Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչեւ 18 տարեկան երեխա եւ առկա է հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկը.
— երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
— երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
— երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից.
— երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ եւ չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչեւ 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
— երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում:
Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչեւ 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) եւ նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում եւ 2020թ մարտի 12-ից մինչեւ մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը եւ երեխաները գնտվել են Հայաստանում:
Սույն միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչեւ 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք եւ այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:
Անկախ սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված նույնականացման կանոններից, սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաեւ բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 358 Լ եւ մարտի 30-ի թիվ 410 Լ, 411 Լ, 412 Լ որոշումներով հաստատված միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում էավելի մեծ գումար:
Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից եւ դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: