Արմեն Սարգսյանը ստորագրել է քննարկումների առիթ դարձած փաթեթները

267

Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, եւ յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր եւ անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու եւ մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։

Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի եւ առողջության պահպանման անհրաժեշտությունից։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը եւ պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։

Այս բարդ իրավիճակում կարեւոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին: Կառավարությունն իր կողմից պարտավոր է դրսեւորելու բացառիկ հետեւողականություն, որպեսզի նախատեսվող սահմանափակումները կյանքի կոչվեն՝ չհանգեցնելով Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների եւ ազատությունների անհարկի միջամտությանը։

Հանրապետության նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։

Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ եւ բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում:

Ուստի եւ օրենքների կիրառման գլխավոր նախապայմանը, եւ միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը եւ հանրային առողջության պահպանումը։

Անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար եւ ամենայն պատասխանատվությամբ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն 71 կողմ ձայնով երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը:

Նշենք, որ նիստին մասնակցում էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ երեխ՝ երկրորդ ընթերցմամբ այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Ապա Կառավարությունը դարձյալ արտահերթ նիստ հրավիրեց, որտեղ դարձյալ առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծը։