Քիչ առաջ օմբուդսպենի գրասենյակը արձագանքել է 48-ամյա Տիգրան Կարապետյանին մարտի 27-ին Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում խոշտանգման ենթարկելու դեպքին:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։ Այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո», — հայտնում են օմբուդսմենի գրասենյակից:
Հիշեցնենք, որ երեկ Forrights.am-ը ահազանգ էր ստացել այն մասի, որ մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 48-ամյա Տիգրան Կարապետյանին: Բաժնում նրան շարունակել են ստորացնել, ծեծի ենթարկել, գլխին սպիրտ են լցրել, թքել են քաղաքացու վրա: Ի արդարացում այս գործողությունների, ոստիկանությունը հաղորդեց, որ քաղաքացին ալկոհոլ օգտագրծած վիճակում հարվածել է ոստիկանին:
Տիգրանին մեղադրանք է առաջադրված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:
Այսօր քննիչը միջնորդություն է ներկայացնելու նրա խափանման միջոցի հարցը լուծելու համար: Տիգրան Կարապետյանը ռենգեն հետազոտության է ենթարկվել, սակայն նրա հետազոտությունները չեն ավարտվել: Այս մասին մեզ հատնեց Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, որն էլ դիմել էր ՄԻՊ-ին:
Հովհաննիսյանի կարծիքով, քննիչն առայժմ օբյեկտիվորեն է քննում գործը: Սակայն ոստիկանությունը հիմա տարբեր տեսակի տեղեկություններ է տարածում հեռուստատեսությամբ, այլ ԶԼՄ-ներով, իբրև թե իմ պաշտպանյալը ոստիկանի է խփել:
«Ոստիկանությունը որևէ կերպ չի պարզաբանում, թե ինչպես են Կարապետյանի դեմքին վնասվածքներ առաջացել: Անընդհատ հարցը բարձրացնում են, որ ոստիկանը դիմել է պարետի որոշման համար: Լավ է արել, ոստիկանը դիմել է, ստեղ հարցը այն մասին է, թե ինչու են քաղաքացուն խոշտանգել: Ի՞նչ կապ ունի, ոստիկանի հետ լավ է խոսացել, թե վատ է խոսացել, վատ է խոսացել, պետք է տային բերանը ջարդեի՞ն», — հարցնում է Գուրգեն Հովհաննիսյանը: Նա պահանջել է, որ իր պաշտպանյալին ենթարկեն նաև դատահոգեբանական փորձաքննության, քանի որ կան հոգեբանական նրբություններ:
«Նա ինձ չի պատմում այն ամենի մասին, ինչ որ իր հետ կատարվել է», — ասաց փաստաբանը:
Տեսանյութը՝ news.am-ի.
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: