«Սրան պետք ա ստորացնենք, տարեք զուգարան». Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկված քաղաքացուն

0
4088

Մարտի 27-ի գիշերը, Հարավ-Արևմտյան թաղամասի «Երևան-Սիթի» սուպերմարկետի մոտակայքում զարհուրելի միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանները դաժանաբար ծեծել են, ապա ստորացնելով ու բռնություն գործադրելով բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժին նույն թաղամասի բնակիչ, 28-ամյա Տիգրան Կարապետյանին: Այս մասին Forrights.am-ին ահազանգեց Տիգրան Կարապետյանի եղբայրը՝ Գևորգ Կարապետյանը:

 «Ոստիկանները  նրան կանգնացրել են: Վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի: Եղբայրս ձերբակալված է, ունի վնասվածքներ, այսքանը գիտեմ», — ասաց Գևորգ Կարապետյանը: Դեպքի մանրամասները ներկայացրեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ըստ նրա, ոստիկանները ստորացրել են և խոշտանգել են երիտասարդին: Նրա դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:  Ահա, թե ինչ է պատմում փաստաբանը.

«Մարտի 27-ին, գիշերը Տիգրան Կարապետյանը ընկերոջ հետ նրա մեքենայով գնում է Օհանովի փողոցում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետ, գնումների: Մինչ այդ մտնում է տուն, իմանում է, որ երեխան լավ չի, կոկորդը ցավում է: Էլ ո՞նց պետք է գնա փոքրիկ երեխայի հայրը՝ արագ քշում է, «Սիթիի» դիմաց կանգնում է, փողոցն անցնում է: Դեռ խանութ չմտած, գալիս են ոստիկանները քաղաքացիական հագուստով: Մեքենայով դեմը կանգնում են, բա՝ արա, էս ո՞նց ես քշում, ու հայհոյանք են տալիս: Նա էլ պատասխան է տալիս, թե դուք ո՞վ եք, որ ինձ հետ սենց եք խոսում: Դուրս են գալիս երեք հոգի, տշելով, ծեծելով փողոցը անցկացնում են, քարշ տալով, ընկերոջ մեքենան են նստեցնում, այդ ընկերոջն էլ են խփում: Ընկերը ոստիկանությունում ուրիշ ցուցմունք է տվել, գրել է, որ ընկել է, ոտքը վնասել է: Նա ծանոթներ ունի ոստիկանության համակարգում, իրեն ասել են՝ քեզ կպրծացնենք»:

Ըստ Գուրգեն Հովհաննիսյանի, Տիգրան Կարապետյանին մեքենայի մեջ ծեծել են, այլանդակել են, ինչի վերաբերյալ տեսագրություն կա քննչականում:

«Պաշտպանյալիս կոկորդին են կանգնել,  հայհոյել են նրան, ինքն էլ է հայհոյել: Փորձել է ազատվել ոստիկաններից ու մեքենայի նեղվածքում ծնկով դիպչել է ոստիկաններից մեկիաչքին: Հետո մազերից քարշ տալով, տանում են ոստիկանություն, քցում են գետնին, երկու անգամ ուշքը գնում է, թքում են վրան, թքում են բերանին: Դա տեղի է ունեցել հենց ոստիկանության շենքի դիմաց: Տիգրանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանին եմ հասցնելու, ասում են՝ տո, ում ուզում ես, ասա, ու այլանդակ քֆուրներ են  տալիս Նրան այն ժամանակ են նկարում, երբ որ նա հայհոյանք էտալիս: Այդ ամենը կա ոստիկանության կողմից արված տեսագրություններում», — պատմում է փաստաբանը:

Տիգրան Կարապետյանը հայտնել է իր փաստաբանին, որ քննչականի պետը ասել է իր աշխատակիցներին՝ սպասեք, սրան պետք է ստորացնել, տարեք զուգարան, ապա թքել է բերանին, դեմքին: Քրեականի պետը սպիրտ է լցրել Տիգրանի գլխին, ասելով՝ դեզինֆեկցիա եղիր, այ վարակ: Հետո սկսել են  հարվածել դեմքին: «Այնքան էին սիլլում, որ հայհոյանք էի տալիս, ու  մենակ իմ քֆուր տալն էր նկարում», — ասել է Տիգրանը իր փաստաբանին: Այնուհետև եկել է ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Նա ասել է, դիմելով բերման ենթարկվածին՝ զզվում եմ, արա քեզանից, այ ժանտախտ: Նա մատով չի  կպել Տիգրանին, սակայն ստորացրել է վերջին հայհոյանքները տալով՝ «մոր քֆուր, երեխու քֆուր»:  «Նրանցից մեկն էլ իմ պաշտպանյալին ասել է՝ եկեք սրան փչացնենք, մի խփեք, տանենք զուգարան», — պատմում է Գուրգեն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը գինովցած է եղել:

Ո՞րն է իշխանության ներկյացուցչի նկատմամբ բռնությունը, ինչո՞վ է հիմնավորվում  մեղադրանքը: Մեր հարցին Գուրգեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նա ընդամենը մեքենայի մեջ ուզել է ազատվել  իրեն ծեծող, իր շարժումները կաշկանդող, իրեն հայհոյող անձանցից ու պատահաբար ծնկով դիպչել է ոստիկանի աչքին: Հիմա եկեք կանգնեցնենք իրար կողքի վնասվածք ստացած ոստիկանին ու Տիգրան Կարապետյանին, ու հասկանանք՝սա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությու՞ն է, թե՞ քաղաքացու խոշտանգում: Տիգրանին խոշտանգել են, երկուշաբթի տանելու են կալանքի»:

Ըստ փաստաբանի, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Տիգրան Կարապետյանին ուղարկել են ոչ թե ոստիկանության համապատասխան կենտրոն, այլ հասարակ պոլիկլինիկա, ասելով, որ փորձաքննության համար իրենք պայմաններ չունեն:

«Ես չգիտեմ, թե այդ պոլիկլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, թե ոչ», — ասում է փաստաբանը:  Այս պահին Տիգրան Կարապետյանը գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

Հ.Գ. Լուսանկարներն ու սույ ն հոդվածը ուղարկել ենք ՀՀ ոստիկանության լրատվության և  հասարակության հետ կապերի բաժին: ՀՀ ոստիկանապետի մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ մանրամասները պարզելուց հետո կարձագանքեն հրապարակմանը:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here