«Գերասիմ Մարդանյանն առաջին պաշտոնյան է, ով մեղադրյալի աթոռին է հայտնվել խոշտանգման հոդվածով»,- Forrights-ի հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
2017 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժանմունքի շենքում 19-ամյա Ժորա Սիմոնյանը խոշտանգման է ենթարկվում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանի կողմից։ Երիտասարդը ոստիկանություն էր բերման ենթարկվել ապօրինի ծառահատուկ կատարելու կասկածանքով։ Մարդանյանը, ըստ մեղադրանքի, պատժելու նպատակով, սկզբից ապտակել է Ժորային, ապա ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հրավիրվում է Շտապ օգնության բրիգադ, որի ժամանակ արդեն փորձագետը ֆիքսել է առկա վնասվածքները․
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը, սակայն, արժանահավատ չէր համարել Ժորայի հարազատների տված ցուցմունքները, փոխարենը նախապատվություն տալով ամբաստանյալի հետ աշխատանքային հարաբերության մեջ գտնվող պաշտոնատար ոստիկանների ցուցմունքներին․
«Իրականացված դատաբժշկական փորձաքննության մասով մի քիչ խնդիր կար․ դատաբժիշկը նկարագրական մասում սկզբից գրել էր սալջարդ, սակայն վերջնական եզրակացության մեջ նշել՝ թեթև մարմնական վնասվածք։ Առաջին ատյանի դատարանը հիմնականում այս հանգամանքի վրա էր հիմնվել, իբր ոչ լիարժեք է կատարվել փորձաքննությունը և, հետևաբար, անթույլատրելի ապացույց է այն։ Սակայն, դատարանը, եթե նման մտավախություն ուներ, կարող էր կրկնակի փորձաքննություն նշանակել և ստանալ իր համար արժանահավատ պատասխան,- պարզաբանում է Սիմոնյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։
Դատարանն արդարացրել էր Գերասիմ Մարդանյանին, իսկ Ղարագյոզյանը, գործը վերահսկող դատախազ Վարդգես Սարգսյանի հետ, վերաքննիչ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։ Դատավոր Մնացական Հարությունյանն օրեր առաջ այն բավարարել էր մասնակի և կրկին ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության․
«Բողոքարկման հիմքում նշել էինք այն փաստացի հանգամանքը, որ վստահորդս ոստիկանական բաժանմունք էր մտել առանց որևէ մարմնական վնասվածքի, իսկ այնտեղ դուրս եկել՝ քերծվածքներով և կապտուկներով։ Թե հիմա առաջին ատյանում ինչ ծավալով է քննվելու գործը, չեմ կարող ասել, քանի դեռ որոշումը չեմ ստացել։ Բայց այն փաստը, որ բողոքս գոնե մասնակիորեն բավարարվել է, արդեն իսկ դրական է»։
Արա Ղարագյոզյանը փաստեց, որ սա առաջին քրեական գործն է, որը դատարան է մտել խոշտանգման հոդվածով, ուստի դատարանը պետք է անհապաղ ձեռնարկի ամեն հնարավորը գործի արդյունավետ և արդարացի քննության համար։
Տուժող կողմը դատարանի որոշումը ստանալուց հետո միայն կորոշի՝ դիմե՞լ Վճռաբեկ դատարան, թե՝ ոչ։
Հավելենք, որ Գերասիմ Մարդանյանի աշխատանքային գործունեությունն այս պահին շարունակում է ժամանակավորապես կասեցված մնալ։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: