Մինչև արտակարգ դրություն հայտարարելը, քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ ձեռնարկվել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցառումները:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։ Նրա փոխանցմամբ՝ արգելվեն են բոլոր տեսակի տեսակցությունները՝ բացառությամբ տեսազանգի, ինչպես նաև հանձնուքների, փաթեթների հանձնումը դատապարտյալ և կալանավորված անձանց:

«Բնականաբար կարող է մտավախություն առկա լինել և՛ ազատությունից զրկված և՛ մերձավոր ազգականների մոտ, սակայն պետք է բոլորս քաջ գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր իսկ հարազատների շահերից: Եթե առկա լինի շփում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կամ դատապարտված անձանց հետ այնպիսի անձի կողմից, որը կարող է վարակի տարածման աղբյուր հանդիսանալ, ապա սրա արդյունքում մենք կարող ենք ունենալ վարակի դեպքեր»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Վարչության պետը նշեց, որ ՔԿՀ-ներում ունեն 14 էլեկտրոնային ջերմաչափեր: Կատարվում է ՔԿՀ մուտք և ելք ունեցող բոլոր անձանց ջերմաչափում: «Արմավիր» ՔԿՀ-ն առաջին հիմնարկն է եղել, որի համար ձեռք է բերվել էլեկտրոնային ջերմաչափը, քանի որ այնտեղ լրակազմն է մեծ:

Այսօր տեղի ունեցած Ազգային ժողովի նիստի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ ահազանգեր է ստանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից։ Ըստ նրա, դատապարտյալների խոսքով հրահանգ կա առ այն, որ պետք է բոլորին դուրս հանեն, քանի որ ինչ-ինչ միջոցառումներ են իրականացվում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ խուճապի հետ կապված հարց չկա:

«Ձեր տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, քանի որ բոլորին այնտեղից չեն հանում: Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ, որ անցկացվել է, դրական արդյունք չի տվել, այսինքն կորոնավիրուսի դեպք որևէ դատապարտյալի մոտ չի հաստատվել»,-ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նշեց, որ ՔԿՀ-ներում որևէ մտահոգվելու, խուճապի մատնվելու որևէ տրամադրություն չկա և չպետք է լինի:

««Դատապարտյալների հիվանդանոց»-ը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել, որ հանկարծ նման դեպք լինի, դատապարտյալները և կալանավորված անձիք համապատասխան օգնություն ստանան, բայց այս պահին նման տեղեկություն չկա»,- ասաց նախարարը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest