ՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչեւ 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները․

«Ոստիկանությունը երեկվանից սկսել է վերահսկողություն իրականացնել. քաղաքացիներին կարգադրվել է առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ: Եթե քաղաքացին դուրս է գալիս տնից, ապա նա պետք է իր հետ անձը հաստատող փաստաթուղթ եւ իր իսկ կողմից գրված տեղեկանք ունենա դուրս գալու ժամի, ուղղության եւ վերադարձի նախատեսված ժամի մասին»,- նշեց նա։

Փոխոստիկանապետի խոսքով՝ արդեն իսկ 92 քաղաքացի է տուգանվել անձնական ավտոմեքենայի մեջ երկու անձից ավել գտնվելու մասին պահանջի խախտման համար:

Պարադոքսն այն է, որ հասարակական տրանսպորտը գործում է, եւ այնտեղ թույլատրվում է նստատեղերի թվին հավասար մարդկանց տեղափոխել: Միեւնույն ժամանակ, Հայկ Մհրյանը չժխտեց, որ տնից դուրս գալու նպատակի մասին փաստաթուղթը կարող է որպես վիրուսի փոխանցման աղբյուր ծառայել:

«Ոստիկանությունը փորձելու է հնարավորինս պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները: Կաշխատենք, որպեսզի փաստաթուղթը փոխանցման միջոց չդառնա։ Եթե մարդը վերցնի գրիչը եւ գրի` ուր եւ ինչու է գնում, մտադրությունները շարադրելիս պատասխանատվությունը մի փոքր կբարձրանա»:

Մհրյանը հաստատեց, որ քաղաքում ոստիկանական ԲՄՊ-ներ են տեղակայված: Ըստ նրա՝ դա պրոֆեսիոնալ մոտեցում է, եւ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում․

«Մեր գնահատմամբ՝ աշխատանքը փայլուն է կատարվում»։

Pin It on Pinterest