ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոխել դատավորների առջև դրված կրթական ցենզի պահանջները:
Օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանն ու Աննա Կարապետյանը․
«Առաջարկվում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջներում կատարել փոփոխություն: Երբ ուսումնասիրում ենք դատական օրենսգիրքը և տեսնում, թե ինչ կրթական ցենզ է նախատեսված, օրինակ՝ Սահմանադրական դատավորների համար, հասկանում ենք, որ կրթական ցենզն առաջին ատյանի դատավորների համար ավելի խիստ է, քան ՍԴ դատավորների համար:
Գործող օրենքով ունենք իրավիճակ, որ դիպլոմավորված իրավաբանն է հավակնում դառնալ դատավորի թեկնածու, ինչպես նաև այն անձը, որն ունի իրավաբանի բակալավրի և մագիստրոսի կրթություն: Առաջարկում ենք ավելացնել ևս մեկ տարբերակ, որ դատավորի թեկնածու կարողանա լինել նաև բարձրագույն իրավաբանական կրթություն, գումարած 10 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը»,- ասաց Դավթյանը:
Օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացություն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: