Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

298

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով հետաձգել մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը: Իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», — գրել է նա:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: