Դիմակների արտադրության գործընթացը պետականորեն կազմակերպված չի, բժշկական սպիրտ չկա

668

Այսօր Երևանում դիմակների գինը էականորեն իջավ: Եթե երեկ՝ մարտի 22-ին քաղաքի դեղատներում քաղաքացիները դիմակ կարող էին գնել 300-350 դրամով, ապա այսօր առավոտից 1 բժշկական դիմակի գինը հասել էր 200 դրամի: Սակայն կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը դեռ բավականաչափ թանկ է, եթե հաշվի առնենք, որ մեկ դիմակը, ըստ  ցուցումների, պետք է փոխել յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ:

Նժդհի փողոցի դեղատնրեից մեկում հարցրեցինք, թե ինչով է պայմանավորված գնի իջեցումը: «Պարզապես, այս դիմակները մեր տեղականն են», — ասաց դեղատան աշխատակիցը:

Մինչև կորոնավիրուսի պանդեմիան մեկ դիմակը արժեր 10-ից 30 դրամ: Այսօր դրանց գինը մոտ 10 անգամ թանկ է: Շատ դեղատներում դիմակներ այսօր էլ չկան:

Երեկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի առաջին հարկում գտնվող դեղատանը դիմակներ չկային, չնայած հիվանդանոցի հարկաբաժիններից մեկը հատկացված է կորոնավիրուսի դեմ պայքարի  նպատակներին:

Հայաստանում մինչև վերջին օրերը դեռ վաճառքի էին հանված տարիներ առաջ Չինաստանից բերված դիմակները: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Չինաստանից դիմակների արտահանումը դադարեցվեց:

Մարտի սկզբին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանով մինչև հունիսի 1-ը արգելվեց է բժշկական դիմակների և այլ պարագաների արտահանումը ՌԴ-ից:

«Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը, որը զբաղվում է դեղերի և բժշկական պարագաների ներկմուծմամբ, հայտնեց Forrights.am-ին, որ ներկայում դիմակները Հայաստան է ներկրում Հնդկաստանից:  «Ինքնարժեքը 180 դրամ է, ինքնաթիռով ենք բերում, ու այստեղ հանձնում ենք 200 դրամով», — ասում է նա:

Ռուսաստանը արդեն կարգավորել է դիմակների զանգվածային արտադրությունը տեղական արտադրողի կողմից: Մեզանում թեև դիմակների պահանջարկը մեծ է, սակայն այդ գործընթացը այս պահին  պետականորեն կազմակերպված չէ: Թեև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ փետրվարի 27-ին  կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ գործարարներից մեկի հետ քննարկվել է Հայաստանում բժշկական դիմակների արտադրություն ունենալու հարցը, իսկ մարտի 1-ին առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ կարիքների համար արդեն գնել է 165 հազ․ բժշկական դիմակ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 23-ին հորդորել է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից: Բայց և այնպես դիմակների գինը մնում է բարձր:

Երևանի գրեթե բոլոր դեղատներից բացակայում է բժշկական սպիրտը: Մարտի 23-ին պաշտպանիչ միջոցներից ալկոգելի գնի որոշ նվազում նկատվեց:

Դեռ երկու օր առաջ  250 միլիգրամ շշերով ալկոգել պաշտպանիչ հեղուկը վաճառվում էր 1200-ից 1500 դրամով: Այսօր դեղատներում նույն  սրվակն արժեր 800 դրամ: List.am առուծախի կայքէջում կս լիտր ալկոգելը վաճառվում է 1200-ից 1400 դրամ, իսկ 5 լիտրանոց շշերը՝ 10 հազար դրամով: Նաև դիմակները լայն ընտրանի կա: Համացանցում տարածվում են ալկոգելի արտադրության տարբեր բաղադրատոմսեր, որոնք կարելի է պատրաստել տնային պայմաններում: Որոշ տնտեսվարողներ նույնիսկ անվճար առաքում էին առաջարկում և որպես ակցիա առաջարկում էին նվեր ալկոգել:

Սյուզան Սիմոնյան