Մարտի 20-ին խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Այն արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջը խախտելու, խուճապ տարածելու համար կտրուկ միջոցներ է սահմանում: Օրինակ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժանանակ տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, ըստ նախագծի, առաջացնելու է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով:
Փաստաբան, իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, վերլուծելով ՄԻԵԴ նախադեպերը, եկել է համոզման, որ այս նորմը ԶԼՄ-ների վերաբերյալ պետք է հանվի: Forrights.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ նորմի գոյությունը 21-րդ դարի տեխնոլոգիաների պայմաններում անիմաստ է, այն չի աշխատում: «Եթե մենք ունենայինք միայն տպագիր մամուլ, պատկերացրեք, մի 20 տարի հետ գնաինք, այդ նորմը կաշխատեր: Այսինքն՝ դու կարող էիր շատ արագ վերացնել ինֆորմացիայի օջախը, երկրորդ օջախ չկար, երկրորդը կամ ռադիոն էր, կամ հեռուստատեսությունը: Բայց 21-րդ դարում, երբ կա ինտերնետ, սոցցանցեր, նման նորմ կիրառելը պրովինցիալ մոտեցում է: Ինֆորմացիան արդեն տարածվել է, և ինչ-որ մեկին պատժելով, դու քո նպատակին չես հասնում», — ասում է իրավագետը: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
— Երբ մտցվեց արտակարգ դրություն, ու ինչ-որ տեղեկություն համարում են խուճապ առաջացնող, պարեկատնից գնում են տվյալ ԶԼՄ-ի խմբագրություն, կամ զանգում են ու պահանջում, որ հեռացնեն: Հիմա տուգանելու են օրենքով, ընդ որում նաև ֆիզիկական անձանց, օրինակ, սոցցանցերի օգտատերերին:
— Դրա համար մեխանիզմը արդեն կա՝ 500-ից 800 հազար դրամ վարչական տույժ, բայց դրա համար իրենք պետք է վարչարարություն անեն, որը ծավալուն պրոցես է, մինիդատավարություն, և այն կարող է տևել մինչև 10-15 օր: Այն կարող է լինել նաև արագացված կարգով՝ այսինքն, դու բանավոր շտապ վարչական ակտ ես կազմում, բայց անպայման պետք է գրա վոր ներկայացնես: Դու չես կարող գնալ, դուռը թակել և ասել՝ հանի: Այդ դեպքում նրանց պետք է հետ ուղարկել, ասել՝ տունս չմտնես, դու ընդհանրապես, ո՞վ ես: Իսկ պահանջ ներկայացնելու համար կա ընդհանուր կարգ: ԶԼՄ-ների համար առանձին նորմ սահմանելը չի աշխատի: Եթե ԶԼՄ-ն այլընտրանքային ինֆորմացիա ունի իր ձեռքի տակ, նա ոչ թե չպետք է դա հրապարակի, այլ պարտավոր է դա հրապարակել:
— Այսինքն, հակասությո՞ւն է տեղծվում ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության հետ:
Այո, ստեղծվում է հակասություն ազատ խոսքի հետ: ԶԼՄ-ն նրա համար է, որ արտակարգ իրավիճակում արագ արձագանքի ստեղծված իրավիճակին: Ամենաարագ արձագանքը կատարվում է ԶԼՄ-ի միջոցով, և երկրորդ միջոցը հանրահավաքն է: Հանրահավաքները չեն կարող անցկացվել, առողջության հարց կա, մնում է ԶԼՄ-ն: ԶԼՄ-ն՝ ես հիմա ցիտում են եվրոպական իրավունքի նախադեպեր, պետք է շտապ արձագանքի ստեղծված իրավիճակին: Մենք ունենք մի արձագանք, որը պաշտոնական լրատվությունն է: ԶԼՄ-ն կարող է ցիտել այն, բայց ասել, որ ես էլ ունեմ իմ հայթհայթած ինֆորմացիան: Սա ժողովրդավարության ամենակարևոր ձեռքբերումներից է՝ այլընտրանքային խոսքը: Վերցնել և ասել՝ ոչ, հետևում ենք միայն պաշտոնական լրատվությանը, կարող էին մի քանի տասնամյակ առաջ անել: Դա փորձեցին անել 2008 թվականի մարտի մեկից հետո, բայց էլի չստացվեց: «Ա 1 պլյուս»-ը, մյուսները այլընտրանքային ուղիներ գտան ու ինֆորմացիան դուրս հանեցին: Հիմա դա առավել ևս չի ստացվի:
— Խուճապ հասկացությունը, ըստ ՄԻԵԴ-ի, ի՞նչ է նշանակում, ո՞ր ինֆորմացիան է համարվում խուճապ առաջացնող:
Մենք երկու պլատֆորմ ունենք՝ իրավական որոշակիությունը, որի տեսակետից խուճապ առաջացնելը անորոշ ձևակերպում է: ԶԼՄ-ն, երբ ինֆորմացիա է տալիս, խուճապ չի առաջացնում դրանով: Երկրորդը համաչափությունն է: Հանրային շահը մասնավորին պետք է փոխհավասարակշռի: ՄԻԵԴ-ը միշտ ասում է՝ երբ որ մի տեղեկատվություն արդեն տարածվել է, այլևս միտք չունի դրա հետևից գնալ, փորձել կանխել դրա տարածումը: Այլ բան, եթե այն իր մեջ հանցագրծություն է պարունակում: Այդ դեպքում դրա դեմ պետք է քրեական հետապնդում սկսել, եթե հանրային շահը դա է պահանջում: Բայց եթե քո նպատակն է կանխել ինչ-որ ինֆորմացիայի տարածումը, որը առաջացնում է խուճապ, դա անիմաստ է, որովհետև այն արդեն տարածվել է, այն մարդկանց գրպանում է: Տույժի ենթարկելը նշանակում է՝ դու քողարկված այլ նպատակ ես հետապնդում, այսինքն, ուզում ես կարգավորել լրատվամիջոցների գործունեությունը, պատժելով լրագրողներին, իսկ դա անիրավաչափ է:
— Մի հարց էլ՝ Դուք հետևե՞լ եք, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում եւրոպական երկրներում կա՞ն մամուլի առաջ դրված սահմանափակումներ:
— Մենք հետևել ենք, չկա նման բան: Միայն Ռուսաստանում կա: Մենք արագ նայել ենք իրավիճակը ԱՄՆ-ում, Անգլիայում, Իսպանիայում, 5-6 երկրների արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումներն ենք նայել, և ոչ մի տեղ ԶԼՄ-ների մասին խոսք չկա, որովհետև նրանք գտնում են, որ դա անիմաստ է: 20-րդ դարում ԶԼՄ-ին ասել՝ այսինչ ինֆորմացիան հրապարակի, այնինչը մի հրապարակի, քանի դեռ դա հանցագործություն չի, միջամտել ԶԼՄ-ի գործունեությանը պետական մարմինը իրավունք չունի: Խնդրում եմ, հաշվի առնել, որ իմ ասածը ՄԻԵԴ դիրքորոշումներն են:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: