«Ստեղծված իրավիճակին անհամարժեք պահանջ է ներկայացվում պարետատան կողմից։ 21-րդ դարում պահանջել ինֆորմացիան հանել, որ ինֆորմացիան չտարածվի, միամտություն է։ Սխալ է նման պահանջ դնել օգտատիրոջ կամ լրատվամիջոցի վրա»,- Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը, անդրադառնալով այս օրերին ոստիկանության՝ «լրատվամիջոցների կայքերից հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ խուճապ առաջացնող տեղեկությունները» պահանջին:
Քաղաքական գործիչ «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը ոստիկանության կողմից զանգ է ստացել ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր։ Ոստիկանությունը նրա ֆեյսբուքյան էջում «խուճապ առաջացնող» էր երկու հոդված էր առանձնացրել․ վերջինը ՝«Եվրոնյուզ» կայքի նյութն էր, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես են Բերգամոյում թաղում գիշերը մահացած իտալացիներին․
«Պատճառաբանում էին, իբր իմ լսարանը մեծ է և մարդիկ կարող են խուճապի մատնվել նման նյութերից, այնինչ ինձնից բացի տասնյակ մարդիկ են տարածել այդ տեսանյութը և որևէ զանգ չի եղել նրանց։ Այն մարդու էջից, ումից վերցրել եմ նյութը, ոստիկանների կողմից նման հետապնդման չի ենթարկվել։ Սա, մեղմ ասած, ճիշտ և համաչափ մոտեցում չէ»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Խզմալյանը։
Երկու գրառումն էլ այս պահին հեռացվել է քաղգործչի էջից, քանի որ, ինչպես նշում է նա, չի ուզում ընտանիքին կրկին ենթարկել նյարդային վիճակի։
Հաջորդ դեպքով պարետատունը միայն զանգով չի սահմանափակվել։ Երեկ լրագրող Մարինե Խառատյանը ֆեյսբուքյան իր անձնական էջում գրառում էր կատարել, հայտնելով, որ խոշոր գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատակիցներին ստիպում են ներկայանալ աշխատանքի։ Արտադրամասը գտնվում էր «Ալեքս տեքստիլ»-ի հետ նույն վայրում, որտեղ տեղի էր ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը, ինչն էլ աշխատակիցների մոտ անհանգստություն էր առաջացրել․
«Սկզբից Ոստիկանությունից ինձ զանգահարեցին ու պահանջեցին հեռացնել գրառումս։ Խոստացա՝ մտածել, սակայն չհեռացրի։ Երկու ժամ անց նրանք մեր տուն եկան ու պարետատան անունից պահանջ ներկայացրին, հղում անելով Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների մասին կետին։ Սակայն, թե իմ գրառման կոնկրետ որ մասն էր հակասում օրենքին, չասացին։ Ստիպված՝ ջնջեցի գրառումս, հակառակ դեպքում՝ տանից չէին գնա»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց Մարինեն։
Լրագրողի դիտարկմամբ՝ պարետատան կողմից նման սահմանափակումը հանգեցնում է, որ լրագրողը չի կարողանում կատարել իր մասնագիտական պարտականությունը և բարձրաձայնել իրեն դիմած անձի իրավունքների խախտման փաստը․
«Այս օրերին նրանց թիվն անհամեմատ աճում է, քանի որ գործատուն կամ հրաժարվում է աշխատակցին վճարել արտակարգ դրությամբ պայմանավորված չաշխատած օրերի համար կամ ստիպում է աշխատանքի գալ, հակառակ դեպքում սպառնալով՝ հեռացնել նրան։ Եթե մենք չբարձրաձայնենք, ապա ի՞նչ անի այդ մարդը, ո՞ւմ դիմի»,- նշում է լրագրողը։
Օրեր առաջ «Հրապարակ»-ը լուր էր հրապարակել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում արգելվել է դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փոխանցումը, ինչը դժգոհություն է առաջացրել վերջիններիս մոտ: «Առավոտ»-ն էլ իր հերթին հայերեն թարգմանությամբ ներկայացրել էր Ռուսաստանի դաշնությունում տիրող իրավիճակը՝ կապված կորոնավիրուսով վարակվածների, մահացության դեպքերի հետ: Ոստիկանությունն անմիջապես կապ էր հաստատել լրատվամիջոցների խմբագիրներին հետ և պահանջել հեռացնել «խուճապ առաջացնող» նյութերը։
«Հրապարակ»-ը հեռացրեց հոդվածը, միաժամանակ խմբագիր Արմինե Օհանյանը հայտարարեց՝ խմբագրություն ուղարկված գրությունը ծայրից ծայր ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության ոտնահարում է։
«Առավոտ»-ը հեռացրեց հոդվածի միայն խնդրահարույց՝ Ռուսաստանին վերաբերող մասը, քանի որ մյուս մասը եղել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:
Ստեղծված իրավիճակի մասին լրագրողական մի քանի կազմակերպություններ երեկ կոչով հանդես եկան, շեշտելով՝ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը․
«Տեղեկատվության տարածումը կարգավորող դրույթների՝ ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը»,- նշվում է հայտարարության մեջ։
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, ելնելով իրավիճակից, կառավարությունն ինքն է որոշում, թե ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկի տեղեկատվության տարածման սահմանափակման համար, սակայն, կասկածելի է համարում ընտրված միջոցի համաչափությունը․
«Եթե սահմանափակում, այնուամենայնիվ, լինում է, այն չպետք է փակի ոչ պաշտոնական տեղեկությունների խողովակները։ Ստեղծված իրավիճակում, երբ տեղեկատվական հոսքերը վերահսկել կամ փակել հնարավոր չէ, պետք է ապահովել այլընտրանքային, ստուգված տեղեկությունների քանակը բարձրացումը։ Հայաստանում տեղեկատվության տարածման առումով ծայրաստիճան բարդ իրավիճակ չէր՝ խուճապ առաջացնելու, տարածելու առումով, որ այդպիսի խիստ միջոց է ընտրվել»,- նշում է Բորիս Նավասարդյանը։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հավելում է՝ «խուճապ առաջացնող» տերմինը 17-18 դարերին բնորոշ արտահայտություն է։
«Ամոթ էլ է այս դարաշրջանում նման բառեր օգտագործելը։ Զարգացած․ ժողովրդավար երկրներում, որտեղ կա արտակարգ դրություն, ԶԼՄ-ի վերաբերյալ չկա նորմ, հոդված, քանի որ հասկանում են՝ անիմաստ է ԶԼՄ-ից պահանջել հեռացնել ստացված ինֆորմացիան»։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում` 500-800 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշմամբ սահմանափակումներ են մտցվել նաև լրատվամիջոցների նկատմամբ: Մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից, երկրի սահմաններում, ինչպես նաև հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի վերաբերյալ հրապարակումները կատարվում են միայն պարետատան տրամադրած տեղեկատվությանը հղում կատարելով:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: