ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը:
«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Սարգսյանը մեղադրվում է դեռ 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ: Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Հեղափոխությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հարձակման իրական պատվիրատուն Լևոն Սարգսյանն է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: