Վաղաժամկետ ազատման գործերով դատական նիստերին դատապարտյալները սրտատրոփ սպասում են, օրեր  են հաշվում, որոնք անազատության մեջ առանձնակի դանդաղ են անցնում:

Այսօր՝  մարտի 18-ին Արմավիրի մարզի ընդանուր իրավասության դատարանը դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ պետք է քննարկեր ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման հարցը։

«Մեծ հույսով և սպասումններով ենք, դատարանի կողմից ազնիվ, անաչառ , անկողմնակալ քննարկմանը և արդարացի վճռի կայացմանը։ Մեր հույսերը այնքանով են մեծ, որ Ստեփան Գրիգորյանի գործում առկա փաստերը ՝ բոլոր կառույցնների կողմից տրված եզրակացությունները դրական և մի շարք պաշտոնյաների երաշխավորագրերը բավարար հիմքեր են հանդիսանում վերջնականապես դատարանի կողմից արդարացի դատավճիռ կայացնելու համար», — գրառում էր կատարել Ստեփան Գրիգորյանի որդին իր ֆեյսբուքյան էջում:

Բայց այսօր տեղեկացանք, որ Ստեփան Գրիգորյանին դատարան չեն տարել:

Դատապարտյալին չեն հասցրել դատարան ուղեկցող ոստիկանների բացակայության պատճառով:

«Դատարանը աշխատում է, սակայն դատապարտյալներին ուղեկցող ոստիկանական խմբերը չեն աշխատում: Ոստիկաններին ուղարկել են այլ գործերի, իսկ կալանավորի դատը երբ կկայանա, ոչ մեկ չգիտի և պատասխան տվող էլ չկա», — ասում  է Ստեփան Գրիգորյանի որդին՝ Նորայր Գրիգորյանը:

Ոստիկանության  հասարակության հետ կապերի բաժնից պարզաբանեցին, որ դատարանների բոլոր դիմումները բավարարվել են, ասելով. «Չկա մի դեպք, երբ դատարանը դիմել է կալանավորին ուղեկցողներ տրամադրելու համար, ու չեն ուղեկցել»:

Փաստաբան Ռևազյանը Forrights.am-ին ասաց. «Ինձ դատարանից տեղեկացրեցին, որ ուղեկցող գունդը, ոստիկանները ասել են, որ չեն կարող բերելու Գրիգորյանին դատի»: Հնարավո՞ր է, որ դա կապված է Էջմիածին քաղաքում ուժեղացված հսկողության հետ․ «Չեմ կարող ասել։ Փաստ է, որ չեն ապահովել: Գումարտակը, ասել են, չգիտեմ, ինչ պատճառով չի կարող ուղեկցի դատապարտյալին դատարան», — պատասխանեց Ռոբերտ Ռևազյանը:

Իսկ «Արմավիր» ՔԿՀ-ին  մոտ աղբյուրը վստահեցնում է. «Մոտ 20 ոստիկաններ Էջմիածնի  փողոցների անվտանգության համար պահակներ են կանգնեցրել»։

Ինչպես հայտնի է, արդեն երեք օր է, ինչ կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ կապված խիստ ոստիկանական հսկողություն է սահմանվել Էջմիածնից Երևան տանող ճանապարհին, քանի որ Էջմիածնում է եղել կորոնավիրուսի ամենամեծ օջախը: Ավտոմեքենաները կանգնեցնում են, ուղևորներին դուրս են հրավիկրում, և բուժաշխատողները չափում են նրանց ջերմությունը:

Կալանավայրերում COVIT-19 հիվանդության հետ կապված արգելվել են տեսակցություններն ու սահմանափակվել է հանձնուքների ընդունումը: «Տեսակցություն չկա, իսկ հանձունքը՝ շաբաթվա մեջ երկու օր է միայն թույլատրվում, սիգարետ են բերում, սուրճ ու շաքարավազ», փոխանցեց մեզ դատապարտյալներից մեկը:

Այսպիսով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը որոշակիորեն անդրադարձել է դատարանների աշխատանքի վրա: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը  հայտարարում է, որ դատարանները աշխատում են բնականոն հունով:  «Ընդհանուր դիրքորոշում չկա, որ պետք է դատական նիստերը հետաձգվեն: Պարզապես Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է արել մեր համաքաղաքացիներին, որ դատարաններում հնարավորինս ներկայացվեն իրենց ներկայացուցիչների միջոցով եւ դատարան գնան ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, չգնան այնտեղ խմբերով կամ անհարկի տեղը ընդամենը դատական նիստին իրենց մասնակցությունն ապահովելու նպատակով», — ասում է նա:

Մեր տեղեկություններով, դատավարությունների կողմերը անորոշ վիճակում են: Դատարանները մեծ թվով դիմումներ են ստանում կորոնավիրուսի վտանգից ելնելով դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest