«Վահագն Աբգարյանի կյանքը վտանգի տակ է». Ինեսսա Պետրոսյան

0
376

Մարտի 11-ին Սպիտակի դատարանում Ալավերդու հեղինակավոր գործարար, ճանաչված Վահագն Աբգարյանի գործով հերթական դատական նիստն էր:  Նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց դատարանին փոխել Աբգարյանի խափանման միջոց կալանավորումը, կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին, կամ գրավ:

Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և իր համաքաղաքացի, թմրանյութերի պատրաստման, իրացման համար կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Դավթյանը խոստովանել է սպանությունը, սակայն չի  ընդունում, որ սպանել է Աբգարյանի պատվերով։ Աբգարյանը ևս չի ընդունում մեղադրանքը:

Փաստաբանը իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ Վահագն Աբգարյանը առողջական խնդիրներ ունի, իսկ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ կալանավայրում նրա կյանքի վտանգ է սպառնում:

 Ինչպես հայտնի է, փետրվարի 25-ին գիշերով «Նուբարաշենի» բերդի կալանավոր Աբգարյանին տեղափոխել էին գողականների խուց, որտեղ նրան ծեծել էին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նաև դանակահարել էին: Forrights.am-ը ահազանգել էր այս մասին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանին այս դեպքից 7 օր անց տեղափոխեցին այստեղից,  նշանակելով «Գորիս» ՔԿՀ պետ, իսկ Ալավերդու Վահագին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ հարուցվեց:

Նա մինչ օրս էլ չի խոստովանել իր հետ կատարվածը, պնդելով, որ սայթաքել ու ընկել է խցում, վնասելով թևը:

Աբգարյանի ընկերներից մեկը, ի մի բերելով կատարվածը, ասում է. «Տեսնում եք, բերդում էլ հանգիստ չկա: Փողը տալիս են, ասում են՝ խբեք»: ՔԿՀ մոտ մյուս աղբյուրը վստահեցնում է, որ գողականները հենց այնպես չեն հարձակվել Աբգարյանի վրա: «Նա խցում  մարդ ա ծեծել, իսկ մարդ ծեծել չի կարելի», — տեղեկացնում է վերջինս: 

Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հիշեցնում է, որ Աբգարյանի նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ, և դեռևս 17 թվականի սեպտեմբերին նա ստացել է ծանր մարմնական վնասածք: «Ներկայացրել ենք փաստաթղթեր, որ նա ունի լուրջ բուժման անհրաժեշտություն, որը երկար պետք է տևեր, ու այդ պայմաններում նա շարունակում է մնալ անազատության մեջ, քկհ-ում»- ասաց փաստաբանը:

 Հիմնավորելով իր միջնորդությունը, Ինեսսա Պետրոսյանը հայտնել է դատարանին, որ Աբգարյանի վրա հարձակումից հետո նա 2 շաբաթ բուժվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Forrights.am-ին իր բացառիկ աղբյուրի հասած տվյալներով, Աբգարյանի հիվանդասենյակի մոտ «Աստղիկ» ԲԿ-ում քրեակատարողական ծառայությունը խստագույն հսկողություն էր սահմանել: ՔԿԾ-ում լավ գիտակցում են, որ Աբգարյանի կյանքին վտանգ է սպառնում, որ գողական աշխարհը նրան պատերազմ է հայտարարել: Ալավերդցու անվտանգության ապահովելն այսօր նույնիսկ բերդի պայմաններում է բարդացել: Փետրվարի 25-ի դեպքը երրորդ պաշտոնապես հայտնի մահափորձն էր Ալավերդցու դեմ՝ Ախթալայի կամրջի ու Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցներից հետո:

 «Պաշտպանական կողմը գտնում է, որ դատարանի համար պետք է հասկանալի լինի, որ մարդու կյանքի հետ կապված խնդիր կա: Բացի դա, Աբգարյանը ձեռքի վնասվածք ունի, շաքարային դիաբեթ: Հարգելի դատարան, եթե գտնում եք, որ չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը բավարար չի, պատրաստ ենք նաև 10 մլն դրամ գրավ վճարել», — արտասանեց դատարանում Ինեսսա Պետրոսյանը: 

Դատավորը խնդրեց ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: Նիստը հետաձգվեց երկու շաբաթով: 

Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանը, մամուլից է տեղեկացել, որ գողականները կալանավայրում հարձակվել են որդու վրա: «Արդեն սպառվում եմ: Բանտի դեպքի օրը ես ասես սիրտս զգում էր, հերիք է, մտածում էի գնալու եմ Նիկոլի տան առաջ հացադուլի նստեմ: Հիմա, ինձ թվում է, որ ուզեմ էլ չեմ կարող գնալ»,-ասում է:

Հ.Գ. Դատական գործի ընթացքին ծանոթանալով նկատեցինք, որ «Դատալեղ» տեղեկատվական համակարգը ծայրահեղ փնթի է վարվում: Վահագն Աբգարյանի գործով հունվարի 20-ի նիստի վերաբեյլա նշումից հետո տվյալներ չեն թարմացվել: 

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here