Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ ՀՀ–ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ Նա տեղեկացրեց, որ մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։
«Քննարկել ենք բոլոր հնարավոր միջոցները, որ այս պահին կարող ենք կիրառել կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու վերաբերյալ: Փորձում էինք հասկանալ այդ միջոցների կիրառելիությունը Հայաստանում: Հարցը հետեւյալն էր. մենք ըստ էության ունենք ամենաղաղակող դեպքը կորոնավիրուսի տարածման Էջմիածին քաղաքում, երբ մի ընտանիքի երեք անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակման դեպքը: Եվ մի գերդաստանի ընտանիքի անդամներ մեկուսացված են:
Դեպքը տեղի է ունեցել հետեւյալ կերպ. ՀՀ քաղաքացին վերադառնալով Իտալիայից, իսկ մենք որեւէ պարագայում մեր քաղաքացուն չենք կարող զրկել վերադառնալու հնարավորությունից, բնականաբար, օդանավակայանում հաշվառման է անցնում, ջերմաչափում է տեղի ունենում եւ գնում է Էջմիածին: Ժամանակ առ ժամանակ ԱՆ ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացնում եւ այդ մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմաստիճանի բարձրացում է նկատվում: Նա ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձրացած լինելու հանգամանքը, այլեւ քանի որ իր համար շատ կարեւոր է հարազատի նշանադրությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունում եւ սիստեմայի տակից դուրս գալով վճռական որոշում է կայացնում մասնակցելու այդ նշանադրությանը:
Այդ ընթացքում շփվում է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ եւ գնում այդ արարողությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում: Մենք ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան եւ ամուսինը արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները, ոսկերիչն ու վարսավիրը՝ մեկուսացված»,-հայտարարեց Փաշինյանը:
«Ես այսօր հարց բարձրացրեցի, թե աշխարհում կիրառվող միջոցներից որը մեզ հնարավորություն կտար կանխարգելել այս դեպքը: Եվ ըստ էության, մեր եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ հնարավոր, տրամաբանական միջոցներից որեւէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու: Կանխարգելելու միակ հնարավորությունը մարդու, անհատի անհատական պատասխանատվությունն է: Այո, պետությունը կարող է բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել, ինքը ձեւը կգտնի: Շատ կարեւոր է, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ վերաբերվի այս իրավիճակին, որովհետեւ այդ գործողությունների արդյունքում մեր հարազատների, ընտանիքի անդամների առողջությունն ու կյանքն է վտանգվում»,-ընդգծեց նա:
Վարչապետը նկատեց, որ ոչ մի ողբերգություն չի տեսնում, որ մարդիկ իրար հանդիպելիս ձեռքով չբարեւեն, առավել եւս չհամբուրվեն. «Հո մենք չե՞նք գնալու փողոցում համբուրվողներին բերման ենթարկենք ոստիկանություն, դա անհնար է: Չհամբուրվելն ու ձեռքով չբարեւելը ավելի արդյունավետ միջոց է, քան այլ միջոցներն են»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: