Ամանորից ընդամենը երկու օր առաջ՝ դեկտեմբերի 30-ին Գևորգ Դավթյանը «Վեոն Արմենիա» («Բիլայն Արմենիա»-խմբ․) փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացավ աշխատանքից ազատման մասին լուրը։ Որպես պատճառ միայն մեկ նախադասություն է նշվել՝ Դավթյանը խուսափել է առողջական պարտադիր հետազոտությունից։ Ինքը՝ Գևորգը, խուսափելու համար իր պատճառանությունն ունի՝ չի վստահում բժշկական հանձնաժողովին՝ անցյալի դառը փորձից ելնելով։

 «Բիլայն»-ում 40 տարի էլեկտրոմոնտյոր աշխատած Գևորգ Դավթյանը ընկերության հետ խնդիրների է բախվում 2018 թվականի օգոստոսի 24-ին, երբ աշխատանքի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունենում և մեծ բարձրությունից բետոնին է ընկնում․

«Տաքսի սերվիս էր բաժանորդը։ Եկել էի մալուխ փոխելու։ Էդ աշխատանքն նենց գործ էր, որ մենակով չէի կարա անեի, միշտ հետս մարդ ա եղել, էս անգամ՝ մենակ էի։ Բաժանորդը բացովի աստիճան ա տալիս, բայց չի զգուշացնում, որ էդ կտուրի տակը դատարկ ա, թույլ։ Հենց բարձրանում եմ աստիճանի վրա, շիֆերը ջարդվում ա ու ընկնում եմ բետոնի ու երկաթների վրա։ Մենակ էդ մի տեղը պետք ա ընկնեի, որ կենդանի մնայի»,- Forrights-ին է պատմում 60-ամյա Գևորգը։

Միանգամից հիվանդանոց տեղափոխելու փոխարեն, տաքսի սերվիսը նրան տանում է ընկերության հիմնարկ, որտեղից, կրկին առանց Շտապ օգնություն հրավիրելու, ինքնակամ տեղափոխում են «Սբ Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոն։

«Հետո մոտս գլխապտույտ ա առաջանում ու գնում եմ «Աստղիկ»։ Պարզվեց, ողնաշարիս վրա 4 ջարդված տեղ ունեմ, բայց գլխիս համար ոչ մի բան չէին անում, անգամ մի սառը թրջոց չդրեցին։ Անգամ էպիկրիզում չեն նշում, որ գլխիս շրջանում գանգատներ ունեմ։ Ավելի լավ վիճակով մտել եմ հիվանդանոց, ավելի վատ՝ դուրս եկել»։

Հատկանշական է, որ հիվանդանոցում անցկացրած 5 օրերի ընթացքում Շենգավիթի ոստիկանության բաժնից ոչ մի ներկայացուցիչ չի այցելել Գևորգին։ Միայն երկու օր անց, իր կողմից ահազանգից հետո, ոստիկանները նրա հետ կարճ հեռախոսազրույց են անցկացնում։ Հիվանդանոցում առկա փաստաթղթերում, սակայն, հակադրություն է առաջանում իրականության հետ։  Ըստ փաստաթղթերի, Գևորգը հիվանդանոց է այցելել Շտապ օգնության մեքենայով․

«Էդ թղթերում գրած ա, որ ես «սկոռիի» եմ գնացել, իսկ իրականում՝ ես ինժիների մեքենայում եմ գնացել հիվանդանոց։ Բացի դրանից, եթե իրենց ասած «սկոռիի» ավտոյով եմ գնացել, նշանակում ա՝ ստացած բուժօգնությունը պետք ա անվճար լիներ, բայց փաստացի իմ ԱՊՊԱ-ն գումար ա վճարել։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ գրեն, որ ես մեղավոր դուրս գամ։ Հիմնարկն ամբողջ մեղքը բարդում ա վրես՝ իբր անվտանգություն չեմ նայել, մենակով եմ աշխատել, բայց իրականում առաջին մեղավորը հենց հիմնարկն ա ախր»,- նեղսրտում է նա։

Գևորգն աշխատանքի չի գնում շուրջ երեք ամիս, քանի որ անկողնային ռեժիմում է գտնվել։ Այդ ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում նրա աշխատավայրում։ Առանց Գևորգին տեղյակ պահելու, նրա հաստիքը տալիս են մեկ ուրիշին՝ կրկնակի բարձր աշխատավարձով, իսկ Գևորգին, ըստ սահմանված կարգի, ներկայացնում հաշմանդամության կարգի․

«Ինձ հաշմանդամության 3–րդ կարգ են տալիս։ Շիվարել էի․․․տունը մնալ չէի կարողանում, ասեցի՝ չեմ բուժվում-չեմ բուժվում, գոնե գնամ գործի՝ թեթև գործ տան անեմ։ Գալիս եմ պետիս հետ եմ խոսում, ասում ա՝ գնա թուղթ բեր, որ լրիվ առողջ ես։ Փորձագիտական կենտրոն եմ գնում, գրում են՝ բուլետենը շարունակել։ Հետ եմ գալիս էլի պետիս մոտ, խնդրում, աղաչում եմ, ասում եմ՝ մի թեթև գործ տվեք, ձեր 40 տարվա աշխատողն եմ, ձեն չեն հանում, արձակուրդ են ուղարկում»։

Արձակուրդից հետո Գևորգ Դավթյանը կրկին վերադառնում է իր աշխատանքին, սակայն նոյեմբեր ամսին ծանուցում է ստանում, որ պետք է ներկայանա բժշկական հանձնաժողովին։ Կրկին մոտենում է իր անմիջական պետին՝ Հայկ Հարությունյանին, ով պայման է դնում նրա առաջ՝ կամ պետք է բժշկական ստուգում անցնի կամ հեռանա աշխատանքից։ Իսկ բժշկական ստուգում Գևորգը չէր ցանկանում, քանի որ չէր վստահում հանձնաժողովին․

«Դրանից հետո, փաստացի, ես չեմ ազատվում գործից, բայց ինձ գործ չեն հանձնարարում։ Առավոտից գնում էի, սենյակում նստում, տղերքը գնում էին էս էին անում, էն էին անում, ինձ գործ չէին տալիս, պետի հանձնարարականն էր։ Բայց ես հո պորտաբույծ չաշխատող չէի, որ գործ չանեի ու փող ստանայի»։

Այս ամենը շարունակվեց մինչև նախատոնական օրերը։ Դեկտեմբերի 30-ին Գևորգին սպասարկող հեռախոսահամարն անջատվեց, իսկ ժամեր անց ստացավ դիմում, որ այլևս չի հանդիսանում «Բիլայն» ՓԲԸ-ի աշխատակիցը․

«Շիվարել եմ, չգիտեմ ինչ անեմ, ո՞նց անեմ, սենց բա՞ն են անում։ Համ ես տուժեմ, համ էլ ինձ գործից հանեն։ Ես իմ աշխատանքի հիմա էլ կարող եմ անել, բայց ինձ ասում են՝ հաշմանդամ ես։ Սաղ շահեկան են դուրս եկել, բացի ինձնից»,- գրեթե արտասվելով ասում է 60-ամյա տղամարդը։

Ապահովագրական ընկերություն «Սիլ ինշուրանս»-ը ևս «ձեռքերը լվանում է» գործից։ Գևորգին հասանելիք ապահովագրությունը գրեթե չի փոխհատուցվում։ Միայն հիվանդանոցում գտնված ժամանակ է ԱՊՊԱ-ն 250 հազար ՀՀ դրամ փոխանցում, սակայն հետագա բուժման ամբողջ ծախսը մնում է Գևորգի ուսերին։

«Ո՛չ ԱՊՊԱ-ն, ո՛չ էլ «Բիլայն»-ը չեն փոխհատուցել, ես իմ գումարներով եմ բուժվում, դեղ առնում։ 250 հազար են ձևակերպել, բայց թե ինչ են արել էդ փողերով, անհայտ ա։ Բժիշկը 4 հետազոտություն նշանակեց, ԱՊՊԱ-ն՝ չթողեց, էլ ինչ բուժման մասին ա խոսքը։ Ինձ պետք ա հատուցեն մոտ 1,5 միլիոն դրամ, բայց մինչև օրս լռում են։ Ոչ Բիլյանը, ոչ ԱՊՊԱ-ն, ոչ մի կոպեկ չեն տվել»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Դավթյանը խնդրի լուծման համար դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավոր Լիլիթ Մակունցին և մի շարք այլ պատամավորների։ Իսկ վերջում՝ բոլորից հույսը կտրած՝ Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ էական տեղաշարժ չի եղել գործում․

«Մի քանի ամիս լուր չեմ ունենում, գնում եմ, ասում են՝ գործատուն ամեն ինչ ճիշտ ա արել, թղթերդ վերցրու ու գնա։ Թե ուր գնամ, ինչ անեմ, Աստված գիտի»։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest