«Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրվա ընթացքում»,-այս մասին կառավարության նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նշելով, որ այդ հարցը կքննարկվի Կառավարթության նիստի փակ հատվածում։
Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են:
Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են:
«Հայաստանը տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման նվազագույն քանակով դեպքեր ունեցող երկիր է և խուճապի կարիք չկա»,-ասաց փոխվարչապետը։
«Այս պահին ունենք կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն»,-այսօրվա Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին նրանցից միայն մեկն ունի գանգատներ՝ աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է ու ստանում է սիմպտոմատիկ բուժում, մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում:
Ինչ վերաբերում է հիվանդների հայտնաբերման միջոցառումներին, Թորոսյանը նշեց, որ վերջին երեք պացիենտները ժամանել են Իտալիայից: «Ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ: Թե´ տնային այցերի, թե´ հեռախոսակապի միջոցով և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են և, փաստորեն, նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ մյուս կանխարգելման միջոցառումներից են այդ պացիենտների հետ կոնտակտի մեջ մտած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը․
«Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի, ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդիկ էլ այդպես են մեկուսացվել: Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,- ասաց նա:
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվածների թվի մեծ լինելու մասին առաջինը կհայտարարի կառավարությունը ․
«Էս պահին ինչ խնդիր կա՝ ես երեկ երեկոյան ասել եմ էդ խնդրի մասին։ Եթե կլինի ավելի մեծ խնդիր և ավելի մեծ ռիսկ, դրա մասին կասեմ։ Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ», — նշեց նա՝ շարունակելով. — «Ընդ որում, կարող է լինել էսպիսի երևույթներ՝ կարող է լինել, որ մարդիկ լինեն, որ մեկուսացվեն «Գոլդեն փելիս»-ում, բայց կարող է մարդիկ լինեն՝ որոշ հանգամանքներից ելնելով խնդրենք իրենց՝ իրենց տանը մեկուսանան»։
Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք։ Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես երեկ ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»:
Սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ընդհատման հնարավորության վերաբերյալ հարցին Փաշինյանն արձագանքեց. — «Էս պահին, տեսնում եք, որ շարունակվում է, եթե անհրաժեշտություն կծագի ընդհատել, կընդհատենք, քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն՝ նման անհրաժեշտություն չկա»,- ասաց նա։
Այս ամենին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը չեղարկել է այսօր երեկոյան Զվարթնոց թաղամասում սահմանադրական հանրաքվեի նախատեսված իր քարոզարշավը․
«Քարոզարշավ չեմ իրականացնի, մինչև դեպքերի հետագա ընթացքը պարզ չլինի»,-ասել է նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․
«Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչեւ հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել և հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետևյալ կարևորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարեւոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ»:
Նշենք, նաև, որ «Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել
մինչև ապրիլի 16-ը կասեցնել իր չվերթների գերակշիռ մասը՝ պայմանավորված կորոնավիրուսի
տարածմամբ:
ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի դիմել է աշխարհի պետությունների կառավարություններին՝
կոչ անելով անհապաղ առավել ուժեղացված պատասխան միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի
տարածումը կանխելու համար, գրում է straitstimes.com կայքը։
«Համավարակի մասին այսօրվա հայտարարությունը գործողության կոչ է ամեն մեկի և ամեն երկրի
համար։ Մենք դեռևս կարող ենք փոխել համավարակի ընթացքը, սակայն դա նշանակում է , որ
պետք է պայքարել անգործության դեմ: Կոչ եմ անում բոլոր կառավարություններին ոտքի ելնել
և հիմա ավելացնել այդ ուղղությամբ ներդրված ջանքերը»,– նշել է գլխավոր քարտուղարը։
Հայտարարությամբ նա արձագանքել է ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
տարածած հաղորդագրությանը այն մասին, որ հիվանդությունն արդեն համավարակի (պանդեմիայի)
է վերածվել։ Կազմակերպությունը նաև նշել էր, որ վարակի տարածման և սրացման հիմնական
պատճառն անհանգստացնող մակարդակի անգործությունն է։
«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: