«Իրանց համար «կոզր» է, որ որդիս չի կարող մոտակա ժամանակներում խոսել»

474
Արա Մխիթարյան

«Եթե այսօր էլ ինձ չլսեն, կտրուկ քայլերի եմ դիմելու»,- լրագրողների հետ զրույցում Կառավարության դիմաց հայտարարեց դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

«Իմ պահանջն է՝ հանդիպում, պարոն Փաշինյանի հետ: Ինձ ասեցին, որ Փաշինյանն արձակուրդում է, իրա գործերով է: Հիմա իմ պահանջն է, որ կառավարությունից մեկն ու մեկը գա, իմ խոսքերը լսի ու փոխանցի պարոն Փաշինյանին: Ուզում եմ՝ խոսքս հասնի Փաշինյանին, որ տեսնի ինչ դատական համակարգ է»,- ասաց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ նրա բողոքի համար պատճառ էր հանդիսացել այն հանգամանքը, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Մխիթարյանը, սակայն, շեշտեց՝ թույլ չի տա իր ու որդու անունն անհարկի շահարկել այս կոնտետքստում․

«Ես քաղաքական ուժերի հետ գործ չունեմ։ Իրանց համար «կոզր» է, որ որդիս չի կարող մոտակա ժամանակներում խոսել, հիմա շահարկում են, տղուս հարբեցողի տեղ են դրել, էդ «հարբեցող» բառով ժողովրդին չեք կարա շեղեք, ձեզ հեչ մարդ բարոյական իրավունք չի տվել բանակի անունի հետ խաղալ», — ասաց նա:

Անցած շաբաթ նա իր բողոքն էր հայտնում «Մուրացան»-ի զինվորական հոսպիտալի դիմաց, ասում էր, որ չի վստահում իրականացվող քննությանը, համարում է որ այն ընթանում է անարդար, վստահ է, որ որդու ծեծին մասնակցել է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը։ Պահանջում է տեսագրությունները, որպեսզի հանձնի անկախ փորձաքննության։ 

Սամվել Մխիթարյանին այսօր միացել են մարդիկ, որոնք եկել են իրենց աջակցություն հայտնելու հորը․

«Ոչ մի կենդանի մարդու ալիբի չունեն, որ գոնե մեկնումեկն ասի, թե ինչ է եղել: Ձերը միայն տեխնիկա է, ուզում եք ապացուցել տեխնիկայով, որ այդ մարդիկ այդտեղ չեն եղել: Մի ժիվոյ մարդու վկայություն չունեք: Իսկ մեր չորս աֆիցերի խոսքը գետնին եք գցում, մի հատ էլ ահ եք տալիս, թե դատի կտաք: Տղա եք՝ տվեք»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը սեպտեմբերի 18-ից մինչ օրս կոմայի մեջ է։

2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ  է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը, ով «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով»  նախնական ախտորոշմամբ նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Ըստ բուժհիմնարկից ստացված տեղեկանքի՝ վերջինս ենթարկվել է շտապ վիրահատության, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Այս դեպքով  հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել էր,  մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, կալանավորվել էր նաև Վայոց Ձորի մարզի բնակիչ Զավեն Գրիգորյանը առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, նա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հավելենք, որ ամիսներ առաջ, լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ևս անդրադարձել էր միջադեպին, ասելով, որ  ծեծկռտուքի մեղավորներն իրենց համարժեք պատիժը կստանան․

«Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով։ Անգամ փոքր կասկած թող չլինի, որ հնարավոր է կոծկումներ չլինեն։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլև կառավարության բոլոր անդամները»,-հայտարարել էր ՊՆ նախարարը։