Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 25 բ հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները տարիներ շարունակ ապրում են անմարդկային պայմաններում։ Շենք մտնելիս առաջինը, որ աչք է ծակում, կիսախարխլված պատերն են, անձրևաջրերից բորբոսնած առաստաղը և, իհարկե, գարշահոտությունը։
Ավելի քան 20 ընտանիք է ապրում այս հանրակացարանում, իսկ գրեթե բոլոր ընտանիքներում կան անչափահաս երեխաներ, որոնք ամեն օր առնչվում են խոնավության ու գարշահոտության հետ։ Փոքրիկ սենյակներում ապրում են մի քանի հոգով՝ տատիկից մինչև թոռնիկ․
«Պայքարում են կորոնավիրուսի դեմ, բայց այս էստեղ ա կորոնավիրուսը, այ էս պայմաններում ու էս հոտերի մեջ, թող գան ու տեսնեն, թե մարդիկ ոնց են ապրում»,- վրդովված ասում է տիկին Գայանեն։
Մի քանի քառակուսի մետրի վրա մարդիկ ապրում, ուտում, քնում, ճաշ են պատրաստում, իսկ բնական կարիքները հոգում են ընդհանուր սանհանգույցում, եթե, իհարկե, կարելի է այն սանհանգույց անվանել։ Մի սենյակ, որտեղ կա զուգարանակոնք և լվացարան, որն ընդհանրապես օգտագործման ենթակա չէ՝ ծառայում է և՛ որպես զուգարան, և՛ որպես բաղնիք․
«Մեծ մարդիկ ենք, եղել ա, որ դույլերում ենք մեր կարիքները հոգում, որովհետև էդ անտեր զուգարանը զբաղված ա, նույնիսկ թասի մեջ ենք լողանում։ 16-17 տարեկան աղջիկ երեխեք են՝ ախպորը խնդրում են, որ միջանցքում կանգնի, որ իրենք լողանան»,- նշում է բնակիչներից մեկը։
Սանհանգույցի մինիմալ պայմանների մասին բնակիչները երազում են․
«Ջուր չկա, տեղ-տեղ նույնիսկ կտրում են ժամերով։ Մենք առավոտը զուգարանի հերթ ենք կանգնում, երեխեքը՝ դպրոց, մեծերը՝ գործի։ Դուք պատրեկացրեք, թե ինչ է կատարվում այստեղ, նույնիսկ եղել է, որ իրար հետ վիճենք մի փոքր բանից»,- մեզ հետ զրույցում նշում է Հերմինեն։
Բանակիչները պատմեցին, որ շենքի 3-րդ և 4-րդ հարկերը ծառայում են որպես հանրակացարան, իսկ առաջին հարկում կրթահամալիր է, որն ունի հնարավոր բոլոր պայմանները՝ գազ, տաք և սառը ջուր, համապատասխան վերանորոգում։ Իսկ թե ինչու բարձր հարկերում չկա գոնե գազ, բնակիչներն ասում են․
«Թույլ չեն տալիս քաշենք, ասում են՝ վտանգավոր է։ Դե բա վտանգավոր կլինի, ոնց չլինի, էս պայմաններում ի՞նչ գազ։ Մի անգամ նույնիսկ անձրևաջրերը թափվեցին հոսանքի հաշվիչների վրա ու պաժառ եղավ»,- պատմեց տիկին Գայանեն, ով արդեն 30 տարի է ապրում է այս կիսախարխլված շենքում։
Տիկին Գայանեի խոսքով՝ ամաչում են բարեկամներին հյուր կանչել, որովհետև ո՞ւմ հաճելի կլինի նման գարշահոտ վայր գալ․
«31 տարեկան տղա ունեմ, մի սենյակում իմ հետ ա քնում։ Չի ամուսնանում, բա էստեղ ո՞վ հարս կգա»,- նշում է տիկին Գայանեն։
Բնակիչները պատմեցին, որ ձմռանն ահավոր է՝ պատուհանները խոնավությունից ուռում են, իսկ քամին ներս չթափանցելու համար էլ ծածկում են պոլիէթիլենային տոպրակով։ Շենքի ջեռուցման հարցն էլ պարզ է՝ փայտ են վառում, քանի որ այլ տարբերակ չունեն։
Բնակիչներն անընդհատ դիմում-բողոքներով դիմում են տարբեր կառուցներին, որպեսզի գոնե օգնեն պայմանները քիչ բարելավեն, սակայն ապարդյուն՝ բոլոր կառույցները նամակն ուղղորդում են դեպի Արագածոտնի մարզպետարան, որտեղից էլ պատասխանում են՝ չկա համապատասխան միջոցներ, ունենալու դեպքում՝ խնդրով կզբաղվեն․
«Սերժի, Քոչարյանի ժամանակ ինչ պատասխան եկել ա մեր նամակներին, հիմա էլ նույն պատասխանն ուղարկում են՝ շաբլոն օրինակ, պարզապես այդ նամակի մեջ փոխվել է ամսաթիվն ու մակագրությունը»,- նշում է Հերմինեն։
«Դիմում ենք, գալիս են․ էս շենքի բնակիչներին հիշում են միայն ընտրությունների ժամանակ, դրանից այն կողմ՝ մենք չկանք, գոյություն չունենք»,- զայրացած ասում են բնակիչները։
Հանրակացարանի շենքում վերանորոգման աշխատանք կատարվել է 2 տարի առաջ․ տանիքն են փոխել, սակայն, անձրև գալու դեպքում, ամբողջ տարածքը ջրի մեջ է․
«Անձրև գալիս ա թե չէ ,դույլեր ենք շարում գետնին, որ գոնե մեջը կաթա»։
Բնակիչներն ասում են որ այս անմարդկային պայմաններում ապագա զինվորներ են մեծացնում, որոնք գնում են հայրենիքի սահամանները պահելու․
«Էնա 18 տարեկան թոռնիկս բանակ ա գնալու, բայց քնում ա պոլին, 5-6 անձ ենք՝ քնում ենք մի սենյակում։ Ի՞նչ անեմ՝ տեղ չկա։ Մենակ տեսնեք, ոնց որ հոսպիտալ լինի»,- ասում է բնակիչներից մեկը։
Նրանք պահանջում են, որ խնդրով զբաղվի հենց վարչապետը և նրան հրավիրում են հանրակացարան․
«Մենք շատ մեծ հույսեր ենք կապում նոր կառավարության հետ, խնդրում ու հրավիրում ենք Նիկոլ Փաշինյանին, թող գա տեսնի, զրուցի մեզ հետ։ Մեր էս նամակները իրեն չի հասնում, համոզված ենք, որ նա տեսնի էս պայմանները, հաստատ կարձագանքի։ Հիմա էլ քարոզարշավ է, թող գա՝ տեսնի»,- մեծ հույսով ու ակնկալիքով ասում են բնակիչները։
Պահանջը դժվարությամբ ձևակերպեցին՝ սեփականաշնորհել տարածքը՝ յուրաքանչյուրն իր համար, որպեսզի կարողանան վերանորոգել, բայց հիմնականում պահանջում են բնակարան, քանի որ սեփականաշնորհելու դեպքում պայմանները չեն փոխվում, իսկ անելիք՝ վերանորոգելը կա ու կա, ինչի հնարավորութունը չունեն։
Բնակիչները առաջիկայում պատրաստվում են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հույսով, որ գոնե այստեղ իրենց խնդրին կկարողանան լուծում առաջարկել։
Մանրամասները՝ տեսանյութում․
Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: