Հայաստանի կալանավայրերի բնակիչները այս օրերին ուշադրությամբ հետևում են միջազգային լրահոսին, որն այս օրերին հատկապես ակտուալ է դարձել նրանց համար:

Իրանի դատական իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ազատ են արձակել բանտերից 70 հազար դատապարտյալների: Ինչպես հայտնի է, սա Մարտի 9-ի տվյալներով, Իրանում կորոնավիրուսով / COVID-19/ 7161 հիվանդներ կան և  237 մարդ է մահացել, իսկ կալանավայրը փակ միջավայր է, որտեղ վիրուսը արագորեն տարածվում է:

Իրանում առաջին հերթին ազատվել են այն դատապարտյալները, որոնք առողջական խնդիրներ ունեն:  Այս նորությունը, որը տարածել են աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ, ոգևորությամբ են ընդունել Հայաստանի կալանավայրերում:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալները ուշադրությամբ հետևում են նաև Իտալիայից եկող լուրերին, որտեղ 366 մարդ  է  մահացել և  7 375 հիվանդ կա: 

Մարտի 9-ին ANSA գործակալությունը հայտնեց, որ Իտալիայի 27 բանտերում դատապարտյալները անկարգություններ են կազմակերպել: Նրանք կալանավայրերի ղեկավարությունից համաներում են պահանջում:

Ըստ նույն  գործակալության Միլանի, Հռոմի, Սալեռնոյի, Նեապոլի և այլ  դատապարտյալները ի նշան բողոքի դոշակներ են այրել և փորձել են ապօրինաբար մուտք գործել բանտերի բուժմասեր, իսկ Մոդեն քաղաքում մոտ 50 կալանավոր է փախել բերդից:

Հայաստանի կալանավորները ոգևորված են իտալացիների օրինակով: Նրանց մի մասը  քննարկում են կորոնավիրուսից պաշտպանվելու իրենց իրավունքները:  Forrights.am -ին երեկ տեղեկություն հասավ, որ դատապարտյալներից մեկը լրջորեն պատրաստվում է նամակով դիմել հիմնարկի տնօրինությանը, պահանջելով հարգել չվարակվելու իր իրավունքը, խնդրելով իրեն ազատ արձակել, կամ տեղափոխել այլ մեկուսացված տարածք, օրինակ, Ծաղկաձոր:

«Աբսուրդ է, իհարկե, բայց մարդիկ վախենում  են, որովհետև եթե հանկարծ վիրուսը մտավ բերդ, փրկություն չի լինի, որևէ մեկը չի փրկվի» — ասում է փաստաբաններից մեկը: Նա խնդրեց իր անունը չհրապարակել, քանի որ իր պաշտպանյալն է առաջարկի հեղինակը:

Նրա նմանները քիչ են: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի հարազատը, որը պարբերաբար կապի մեջ է մեր կայքի հետ, փոխացեց կալանավայրում կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր տրամադրությունը: «Կարդացել ենք, որ Իտալիայում բունտ ա,  բայց մեզ մոտ զրույցներ չկան: Մենք էլ ենք զգույշ լինում, բայց եթե մեկը վարակվի, սաղ կհիվանդանան, փակ տեղ ա: Համ էլ Հայաստանը անտեր տեղ ա, ստեղ դաժե մարդն ա մեռնում, զոռով են մեռելին բերդից տուն տանում, ինչ մնաց՝ հիվանդին տանեն հիվանդանոց, կամ Ծաղկաձոր»:

Կալանավայրերում կորոնավիրուսի տարածման վտանգի ու կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտության մասին մարտի 10-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը. «Բանտը հյուրանոց կամ հոսպիտալ չէ։ Բանտի կարևորագույն ու գերխնդիրներից մեկը այնտեղ բնակվողների, աշխատողների և բանտ այցելած անձանց անվտանգության ապահովումն է՝ նվազեցնելով նաև որևէ հիվանդության ներթափանցում։ Պրոբացիայում ևս, ցանկալի է անհրաժեշտ ու բավարար նվազագույնի հասցնել շահառուների հետ, հատկապես փակ տարածություններում, իրականացվող խմբային աշխատանքները»։

Նա առաջարկում է իրականացնել իրազեկման աշխատանքներ ազատազրկվածների և ՔԿՀ աշխատակիցների շրջանում, ազատազրկվածներին զինել անհրաժեշտ նվազագույն հիգիենիկ պարագաներով, խիստ հսկողություն սահմանել ՔԿՀ այցելությունների նկատմամբ, նվազագույնի հասցնել քաղաքացիների հետ շփումը, նվազագույնի հասցնել ՔԿՀ բուժական մասնաշենք և քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխման գործընթացը, ուղեկցող դասակին անպայման ապահովել անհրաժեշտ նվազագույն հիգիենիկ պարագաներով։

Ըստ Արշակ Գասպարյանի, դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ և հատկապես տուբերկուլոզով ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տեղաշարժը և արտաքին կոնտակտները ևս պետք է սահմանափակվեն, ինչպես նաև պետք է առավելագույն ախտորոշիչ գործառույթներով զինել տեղաբաշխման հանձնաժողովների բժշկական անձնակազմին, նվազագույնի հասցնել տեղաբաշխման հանձնաժողովի նիստերը ՔԿՀ-ներում:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest