ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից:

Նա մասնավորապես ասաց. «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել  կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:

Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ եւ անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ իր պատկերացմամբ, առողջ տղամարդը պետք է աշխատի եւ իր տան խնդիրը լուծի. «Այլ բան, որ պետությունը պետք է աշխատելու հնարավորությունը ստեղծի, պետք է օգնի, որ աշխատողն ավելի մրցունակ լինի: Դրա համար մենք ստեղծել ենք «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որով օգնում ենք այն մարդկանց, որոնք շուկայում մրցունակ չեն: Մենք ծրագրեր ենք իրականացնում, «խելացի անասնագոմեր»-ի ծրագիր ենք իրականացնում: Մենք հազար ընտանիքի ներգրավում ենք աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ: Մենք մարդուն կով ենք տալիս, որը հորթ ունենա, կերը տալիս ենք, անասնաբույժին վճարում ենք, որ կովին հետեւից, այդ քաղաքացիներին փող ենք տալիս, որ կովին պահի: Սա կարեւոր պրոցես է, որ մարդը հաղթահարի աղքատությունը:

Ենթադրենք մարդը գալիս ասում է՝ հաց չունեմ ուտելու, փող տվեք հաց առնեմ: Ասենք, հանեցինք մեկ մլն դրամ տվեցինք, էդ փողը սպառեց, հաց առավ կերավ, հետո ի՞նչ է լինելու: Էլի մեկ մլն տվեցինք, էլի, էլի, էդպես մինչեւ ե՞րբ, եւ էդպես քանի՞ հոգու: Ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Լոռու մարզ այցի ժամանակ Կուրթանի 34–ամյա բնակիչ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան հարցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել։

«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության  հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո  ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա:

NEWS.am-ը նախօրեին այցելել էր վագոն–տնակ, որտեղ բնակվում է Մեխակի տասը հոգանոց ընտանիքը՝ չորս անչափահաս երեխաներով, և պարզել, որ Մեխակն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի և ապրում է կենցաղային շատ վատ պայմաններում։  Տեսանյութը մեծ արձագանք է գտել հանրության բոլոր շրջանակներում։ բազմաթիվ մարդիկ Մեխակին օգնելու ցանկություն են հայտնել, երեկվանից բազմաթիվ հասարակական–քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ վարչապետը անարդար է հանդիմանել Մեխակին, շատերը Փաշինյանին կոչ էին անում նրանից ներողություն խնդրել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest