Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստին ուսումնասիրվում են գործում առկա գրավոր ապացույցները: Սանասարյանը դատարանին հանձնեց Դատախազության հարուցած քրեական գործի պատճենը, որը վերաբերվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ու «Վանաձոր» ԲԿ-ում հեմոդիալիզի սարքերի ձեռքբերման գործընթացին:

Նա ասաց, որ իրենք սարքավորումների գնման գործընթացի պայմանները սարքել են այնպիսին, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ ընկերություններ, Սանասարյանը նաև հռետորական հարց հնչեցրեց, եթե իրենց առաջ քաշած պայմանները պետությանը վնաս հասցնող էին՝ ինչո՞ւ է Առողջապահության նախարարությունը մինչ օրս դրանով առաջնորդվում:

Դատարանի հարցին՝ արդյոք «Զորաշեն» ՍՊ-ն կարո՞ղ էր «Ֆրենզենի» ապրանքը ներկրել, դատախազն ասաց՝ հնարավոր է։

«Ենթադրենք, պետական գնումով ցանկացած մակնիշը որ գնվում են։ Եթե այդ մեքենայի վրա կոնկրետ մի դետալ փչանում է, որը փոխման ենթակա է։ Կարո՞ղ են օրինակ Mercedes-ի վրա Lada-ի կարոբկա դնել», ասաց դատախազը, ինչին դատավորն ասաց, որ կարող են դնել։

«Տանում են Դավթաշենում դնում են վրան»,- ասաց դատավորը։

«Այո, եթե տանեն այդ միջամտությունն անեն… այստեղ էլ է այդ միջամտությունն արվել»,- ասաց դատախազը։

Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ տեղին չէր այդպիսի օրինակը.

«Եթե դատախազը լավ ուսումնասիրեր, եթե իրոք հետաքրքիր լիներ պետական շահը, ոչ թե այլ նպատակները։ Կտեսնեիք, որ Էրեբունի եւ Արմենիա բկ-ներում տարիներ շարունակ օգտագործելով «Ֆրեզեն» ընկերության սարքը, օգտագործել են այլ ընկերությունների, երբ որեւիցե խնդիր չի եղել։ Հարց է առաջանում՝ ձեզ հետաքրքիր է ԲԿ-ներում հիվանդների առողջությո՞ւնը։ Ես այս հարցը տալու եմ նաեւ Առողջապահության նախարարին՝ բա ինչո՞ւ չեք գնացել, ձեռքը բռնել ու ասել՝ մի արեք այդ գնումները, որովհետեւ կվնասեք հիվանդների առողջությանը»։

Դավիթ Սանասարյանը դատարանում ասաց, որ երբ աշխատանքի էր ընդունվում Սամվել Ադյանը, իրեն բիզնեսներ ունենալու մասին որևէ տվյալ չի հայտնել: Նա հավելեց, որ նույնը վերաբերում է մյուս աշխատակցին. «Եթե ես իմանայի, որ նրանք բիզնեսներ ունեն, աշխատանքի չէի ընդունի»:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest