Ցմահ դատապարտյալ Կամո Շալունցը կտեղափոխվի պատժի կրման կիսաբաց ռեժիմ

482
Կամո Շալունց

25 տարի անազատության մեջ գտնվող 54-ամյա ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի պատժի կրման ռեժիմը մեղմացվել է և կիսափակից փոխվելլ կիսաբաց։ Տեղաբաշխման հանձնաժողովը փետրվարի 21-ի նիստում անհատապես զրուցելով դատապարտյալի հետ, որոշում կայացրեց փոփոխել Շալունցի պատժի կրման տեսակը և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Կոշ»։

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ, Կամո Շալունցի դեպքում հաշվի է առնվել, որ դատապարտյալի մոտ բացակայում է ռեցիդիվը, բացի դրանից պատժի կրմանողջ ընթացքում դրսևորել է պատշաճ և դրական վարքագիծ։

Նշենք՝ կիսաբաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալը պահվում է մինչև վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում և կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

Կամո Շալունցն իր խնամքին ունի 30-ամյա աղջիկ՝ Անուշը, ով տառապում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությամբ, արտահայտված խոսքի բացակայությամբ և աջակողմյան հեմիպարեզով հոգեկան հիվանդությամբ։ Աղջիկը չի խոսում, բացի «ըըըը», «իիիի» ձայնարկություններից ուրիշ ոչինչ չի արտաբերում, գիտելիքներ գործնականում չունի, էմոցիաները՝ նաիվ են, պարզունակ, տառաճանաչ չէ, պահվածքը՝ մանկական, ինտելեկտը չի զարգացել։

Անուշը երկու տարեկան էր, երբ ձեռքը տաք ճաշի մեջ մտցնելու հետևանքով ուղեղը ենթարկվեց սթրեսի և մանկական ուղեղային կաթված ստացավ, կաթվածահարվեց նաև աջ ձեռքն ամբողջությամբ։ Քայլել սկսել է 13 տարեկանից, այն էլ տևական բուժման արդյունքում, դպրոց ընդհանրապես չի հաճախել։

Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ 30-ամյա Անուշ Շալունցը դրսում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։ Քեռին ու քեռակինը հրաժարվում են այլևս պահել աղջկան, ուստի Կամոյի ազատ արձակումը խիստ անհրաժեշտություն է ներկայացնում Անուշի համար։

Նախորդ տարի Կամո Շալունցը դիմում էր ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Ինչպես դիմումի մեջ, այնպես էլ դատարանում, Կամոն խնդրել էր հաշվի առնել աղջկա առողջական վիճակն ու նրա խնամակալության հարցը, սակայն դատարանը հաշվի չէր առել ոչ միայն հատուկ խնամք պահանջող աղջկա հանգամանքը, այլև այն, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ և արդեն 7 տարի է, ինչ ռիսկային դատապարտյալների հաշվառումից հանվել է նրա անունը։

Հիշեցնենք, որ աֆղանական և ղարաբաղյան պատերազմներով անցած Շալունցին մեղադրվում էր 1995 թվականին գրաված տարածքների գյուղերից մեկում՝ Հորովելում սպանված երկու զինծառայողներից մեկի սպանության համար:

Վերջինս մի շարք ալիբիներ ուներ, որոնք վկայում էին, որ ինքն ուղղակի չէր կարող այդ սպանության մասնակիցը լինել։ Դատարանի «կոզրն» այն հանգամանք է եղել, որ դեպքից 3 օր անց ինքը եղել է սպանության վայրում, այնտեղ գտել մահացած երկու զինվորներից մեկի զենքն ու այն վերցրել: 

Կապանի ոստիկանական բաժանմունքում Կամոյին խոշտանգում են, օրերով զրկում հացից և ջրից, «ռեժիմով»՝ ծեծում: Ի վերջո սպասված «ինքնախոստովանական ցուցմունքը» Շալունցից կորզում են կնոջ միջոցով: Կամոյին լուր է հասնում, որ կնոջը երկու օր է, ինչ առևանգել են. Շալունցը թևաթափ է լինում։

1995 թվականի վերջին Կամո Շալունցը դատապարտվում է մահապատժի: 8 տարի չիրագործվելով գնդակահարությունը, 2003 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ:

Ռոզա Վարդանյան