«Ինքնասպանություն» երեք մենահատ կրակոցով

0
520

2018 թվականի մայիսի 4-ի գիշերը մարտական հենակետում հայտնաբերվել է Արթուր Գասպարյանի դին։  Ըստ պաշտոնական վարկածի, 20-ամյա զինծառայողը իրեն ամրակցված գնդացիրից հրազենային գնդակային մահացու վիրավորումներ է ստացել բերանի խոռոչում` արձակած երկու կրակոցից: Այն պահից սկսած, երբ հայտարարվեց այս մասին, հարց առաջացավ՝ ինչպե՞ս կարող է մարդը երկու անգամ կրակել իր բերանի խոռոչի մեջ, այն դեպքում , երբ գնդացիրի ապահովիչը դրված էր մենահատ կրակոցի դիրքում։ Այս հարցը առաջին օրվանից բարձրացնում էին տղայի հարազատները և նրանց ներկայացուցիչները։

Քրեագետ – փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնաբերեց, որ կրակոցները իրականում ոչ թե երկուսն են եղել, այլ երեքը, սակայն մարտավարական նկատառումներից ելնելով այս փաստի մասին չէր խոսում։ Այս փաստը վկայում է, որ ինքնասպանության վարկածը անհեթեթություն է։

Գործով արված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը հակասում է ավելի վաղ արված մատնադրոշմային փորձագիտական եզրակացության տվյալներին։

«Գնդացիրն ուղարկելով փորձաքննության, քննիչները որոշում էին կայացրել, որպեսզի կատարվի երկու փորձաքննություն՝ մատնադրոշմային և դատաձգաբանական։ Տրամաբանական է, որ առաջինը կատարվել է մատնադրոշմայինը։  Գործով արված 43611802 մատնադրոշմային փորձաքննության եզրակացության նկարագրական մասում,փորձագետը նշում է․ գնդացիրի լիցքաթափման ժամանակ փողից հանվել է 1 փամփուշտ, իսկ փամփշտատուփից հանվել են թվով 41 փամփուշտ՝ ընդամենը 42 փամնփուշտ։ Հաշվի առնելով, որ գնդացիրի պահեստատուփը լիցքավորվում է 45 փամփուշտով, ստացվում է, որ պակասում է երեք փամփուշտ։ Այսինքն, գնդացիրից կրակվել է երեք փամփուշտ, արձակվցել է 3 կրակոց։ Սակայն հաշվի չառնելով այս բացացահայտ փաստը, դատաձգաբան-փորձագետ Համբարձումյանը իր մասով փորձաքննություն կատարելով, հայտարարում է, իբր գնդացիրից արձակված է երկու կրակոց, իսկ հայտնաբերված է 43 փամփուշտ՝ 42 պահեստատուփի և մեկ՝ գնդացիրի փողի մեջ։

Սա բացահայտ կեղծիք է, այն որպես իրականություն ներկայացնելու նկատառումով,  փորձագետ Համբարձումյանը, Փորձագիտությունների ՊՈԱԿ կոչվող կենտրոնի տնօրենի հետ միասին թաքցրել են առաջին 6 լուսանկարները, որոնք արվել են դատամատնահետքաբանի մոտ և ապացուցում են, որ զենքից կրակված է երեք գնդակ»։

Մինչդեռ դատաձգաբան Համբարձումյանը իր փորձաքննության մասով ներկայացնում է կեղծ լուսանկար, որտեղ ոչ թե 41 փամփուշտ է ներկայացված, այլ 42, ևս մեկը փողից հանված։ Նպատակը՝ երեք կրակոցները որպես երկու կրակոցներ ներկայացնելն է և ինքնասպանությունը հիմնավորելը։ Համալիր փորձաքննության մեջ ձգաբան-փորձագետը գրել է, որ Գասպարյանը սպանվել է երկու կրակոցով, այն դեպքում, երբ որ իրականում եղել է երեք կրակոց։

Մեկ ու կես տարի է, նախաքննության մարմինը շարունակում է գործը քննել ինքնասպանության վարկածով և չի ցանկանում այն փոխել սպանության հոդվածով։

Եւս մի կեղծիք՝ զինծառայողների մարմնի մասերից վերցված խծուծների փորձաքննությամբ ապացուցված է, որ դիրքի բոլոր զինվորները կրակոցի ժամանակ եղել են դեպքի վայրում։ Սակայն նրանք ցուցմունք են տվել, որ չեն եղել դեպքի վայրում։ Ըստ վկաների ցուցմունքների, դեպքի վայրում ոչ ոք չի եղել։

Քննիչին հսկում է քննչական կոմիտեի և դատախազության մի ամբողջ բանակ՝ տասնյակ պաշտոնական անձինք, և նրանք այս հանցագործության փաստը կամ չեն տեսել, կամ էլ տեսել են, բայց լռում են։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը քրեական գործ հարուցեց «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով /Ք․Օ․ 110 հ․/, և դեպքից 21 օր անց հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագ պայմանագրային սերժանտին, որը, ըստ ՔԿ տվյալների, իբր՝ «շարքային Արթուր Գասպարյանին անպարկեշտ ձևով ստորացրել է»։ Նա ազատության մեջ է։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here