Երեկ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը մտահոգվելու տեղիք է տալիս, նա շարունակում է մնալ անգիտակից վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը: Կինը մահացել է, իսկ երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», այնուհետև Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«13 տարեկան աղջիկն անգիտակից վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մի շարք հետազոտություններ են կատարվել, բազմակի ծանր տրավմա ունի, գլխուղեղի փակ տրավմա, սալջադ, ուղեղի այտուց, արյունազեղում, քթի, ծնոթի, կողի և այլ կոտրվածքներ, որովյանի սալջարդ, երեխան շարունակում է մնալ անգիտակից վիճակում»,-ասաց Դալլաքյանը:
Նրա խոսքով՝ եղել է կասկած, որ երեխան ունեցել է ներքին օրգանների վնասում ու ներքին արյունահոսություն, կատարվել են հետազոտություններ, բարեբախտաբար լուրջ միջամտությունների կարիք չի եղել, երեխայի մոտ գերակշռողը գանգուղեղային տրավման է, այս պահին կրկնակի միջամտության կարիք բժիշկները չեն տեսնում:
Հարցին, թե հարազատներ դիմե՞լ են, հետաքրքրվե՞լ են աղջկա առողջական վիճակով, Դալլաքյանն ասաց. «Առայժմ մեզ աղջկա հարազատներից որևէ մեկը չի դիմել»:
2020 թվականի մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին,, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության:
Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտանաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին: Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: