Սա այն եզակի դեպքերից է, որը բացահայտում է ոչ միայն իրավիճակը, այլ նաև թե ինչպես են համագործակցում իրավապահ մարմինները քրեական աշխարհի հետ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, անդրադառնալով օրեր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկված Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի դեպքին։
Հիշեցնենք, որ Forrights-ը գրել էր դեպքի մասին․ 2020 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, քրեական աստիճանակարգության մեջ որոշակի դիրք զբաղեցնող Վ.Ա-ն գլխի ձախակողմյան հատվածում վնասվածք, աջ բազկի շրջանում ցավեր, գլխապտույտ, գլխացավեր և սրտխառնոց գանգատներով տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ համապատասխան հետազոտություն անցնելու և բժշկական օգնություն ստանալու նպատակով։ Քրեակատարողական ծառայությունից նախ հերքեցին ծեծի մասին լուրերը՝ նշելով, որ Վահագն Աբգարյանը խցում վայր է ընկել, սակայն հետո արդեն պաշտոնական տեղակտվություն տարածեցին՝ մարտի 2-ին, որում նշում էին․
«Կալանավորված անձը մարմնական վնասվածքներն իրականում ստացել է մեկ այլ խցում քրեական աստիճանակարգության մեջ դարձյալ որոշակի դիրք զբաղեցնող ուրիշ դատապարտյալների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ընդ որում, հիշյալ ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատում է, որ սույն սպանության փորձի դեպքով քրեական գործ չի հարուցվել, մինչդեռ արդեն երկար ժամանակ է անցել։
«Ինչպե՞ս է հնարավոր, որ արտերկրից քրեական հեղինակությունը ուղղորդի, որպեսզի այստեղ ՔԿՀ-ում մարդու նկատմամբ սպանության փորձ կատարվի, երբ վերջինս գտնվում է պետության հսկողության ներքո։ Այսինքն ՔԿՀ-ում, ոչ մարդու կատմամբ հսկողություն կա, ոչ պետ կա, ոչ ռեժիմ կա, որ արտերկրում գտնվող մարդը կարողացել ուղղակի կազմակերպել։ Սա «ունիկալ երևույթ է»»,-նկատում է իրավապաշտպանը, ենթադրելով, որ արտերկրում բնակվող այդ մարդը պետք է, որ ցուցում տված լինի ոչ միայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտված կալանավորված այլ անձանց որոնք այդ գործողությունը կատարել են, նաև պետք է ցուցում տված լինի քրեակատարողական հիմնարկի պետին․ «Առանց հիմնարկի աջակցության այդ գործողությունը չէր կատարվի»։
Դեպքից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը տեղափոխվում է «Գորիս» ՔԿՀ․ «Սա ուղղակի փորձ է հանցագործության մեջ ենթադրյալ և ուղղակի մասնակցություն կամ կասկածներ ունեցող անձին հեռացնել քննչական մարմնից»,-նշում է Արթուր Սաքունցը, նշելով, որ այս դեպքում պետք էր անհապաղ դադարեցնել պետի լիազորությունները։
Վահագն Աբգարյանը այժմ գտնվում է «Աստղիկ» ԲԿ-ում՝ իր միջողների հաշվին է բուժում ստանում․
«Ստացել է շաքար, այսինքն՝ պետության ակնհայտ մասնակցությամբ կատարված հանցագործության հետևանքով տուժած անձի մոտ առաջացել են առողջական խնդիրներ»,-նկատում է իրավապաշտպանը։
Քրեակատարողական վարչությունը նախ հաղորդել էր, որ Վահագն Աբգարյանն է հայտնել՝ ինքը վնասվածք ստացել է խցում՝ ընկելու հետևանքով։
Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ նրա կյանքը վտանգված է մի ամբողջ համակարգի առաջ և նույնիսկ վտանգված է նրա ընտանիքը, այդ իսկ պատճառով Վահագն Աբգարյանը չի հայտնել սպանության փորձի մասին․
«Ես սա համարում եմ կանխամտածված և գիտակցված աջակցություն։ Պետությունն իր ապառատով՝ Դատախազությունով, Քրեակատարողական վարչությունով դարձել է քրեական մի խմբավորման ուղղակի գործիքը, մասնակիցն ու աջակիցը»,-ասաց Արթուր Սաքունցը։
«Քննության արդյունավետության, օբյեկտիվության հետ կապված հարցերը բարձրանում են այս դեպքի հետ կապված տարբեր պետական մարմինների ակնհայտ տրամադրված գործողություններով, մարդուն հետապնդում են պետական հսկողության տակ գտնվելու ընթացքում, սա ցույց է տալիս քրեական աշխարհի և պետական մարմինների սերտաճվածության աստիճանը»,-նկատում է իրավապաշտպանը, հավելելով, որ Թավշյա հեղափոխությունից հետո, պետական մարմիները յուրահատուկ ձևով ադապտացվել են նոր պայմաններին։
Արթուր Սաքունցը ծիծաղելի է համարում այն հանգամանքը, որ Քրեակատարողական ծառայություն է հաղորդում քրեական ենթամշակույթի մասին․
«Քրեական ենթամշակույթը ձեր մեջ է գտնվում՝ պագոնավոր քրեական մտածելակերպերի մեջ։ Չի կարող լինել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին խցից հանեն, ասեն՝ պետը ձեզ կանչում է, տեղափոխեն մեկ այլ տեղ ու պետի փոխարեն գալիս են ծեծողները։ Փոխանակ անհապաղ քրեական գործ հարուցեն, բոլորին մեկուսացնեն՝ սմենի պետին, հիմնարկի պետին, չէ՝ տեղից տեղ են տեղափոխում»,-զայրացած նշեց Արթուր Սաքունցը։
«Հեղափոխությունից հետո քրեական ենթամշակույթը շարունակում է գործել, մնալ, ադապտացվել, շարունակում է մնալ անձեռնմխելի, և իրավապահ մարմինները բացառիկ անգործություն են դրսևորում և մասնակցություն են ունենում քրեական աշխարհի հետ համագործակցությունում»,-ասաց նա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: