ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռոպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական գործեր:

Դրանցից 63-ը հարուցվել է պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության, 29-ը՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, 27-ը՝ վատնման կամ յուրացման եղանակով տարբեր չափերի հափշտակություններ կատարելու, 11-ը՝ կաշառք ստանալու կամ տալու, 8-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 3-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության, 3-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, 1-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու, հատկանիշներով:

          Ընդհանուր առմամբ 2019թ. ընթացքում ՀՀ ՔԿ ԶՔԳՎ քննչական մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 296 քրեական գործ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական գործ՝ 102 անձի վերաբերյալ։  Դատարան ուղարկված գործերի քանակը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 50 տոկոսով:

Պարզվել է նաև, որ 2019թ. ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված, ավարտված, ինչպես նաև տարվա ընթացքում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով արձանագրվել է 786 մլն ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 410մլն դրամը, իսկ մի մասով քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Նշված ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարվա ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումից բացի, զինվորական քրեական հետապնդման մարմինների համար առաջնային է համարվել քննվող քրեական գործերի հանգուցալուծումը, վարույթների ավելորդ ձգձգումներից խուսափելը և ողջամիտ ժամանակահատվածում մեղավորությունը հաստատված անձանց պատասխանատվության ենթարկելն ապահովելը:

Բացի այդ, էական նշանակություն է տրվել կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, պատճառների վերացմանը, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը: Այդ նպատակով դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 195 միջնորդագիր և հաղորդում, որոնց քննարկումների արդյունքում միջոցներ են ձեռնարկվել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնակարգով սահմանված տույժերի են ենթարկվել խախտումներ թույլ տված պաշտոնատար անձինք և զինծառայողներ:

Զգալի աշխատանք է տարվել զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի իրականացման համատեքստում: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2019թ. ընթացքում կատարվել է 400 ուսումնասիրություն, որոնց ընթացքում հայտնաբերվել է թվով 230 խախտում: Դրանք հիմնականում վերաբերել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներին: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ 2018թ. համեմատ 2019թ. իրականացված ավելի շատ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մոտ 27.3%-ով ավելի քիչ խախտումներ, ինչը վկայում է զինվորական դատախազության կողմից նախկինում իրականացված ուսումնասիրություններով ի հայտ բերված նմանատիպ խախտումները բացառելու և դրանց պատճառները վերացնելու ուղղությամբ իրավասու մարմինների, զորամասերի ղեկավարության կողմից  կատարված աշխատանքի մասին: Այդ խախտումներով պետությանը պատճառված վնասը կամովին վերականգնելու վերաբերյալ 2019թ. ընթացքում տրվել է 175 նախազգուշացում, ինչը 2018թ. համեմատ ավելի է 70.3%-ով։ Իսկ ուսումնասիրություններով պարզված՝ առերևույթ հանցագործության հատկանիշ պարունակող տվյալների ձեռքբերմամբ հարուցվել է 41 քրեական գործ։ 

Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունների շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառված շուրջ 12 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը 2018թ. արդյունքը (մոտ 2 միլիարդ ՀՀ դրամ) գերազանցում է 6 անգամ կամ հավասար է 2013-2018թթ. արձանագրված վնասի ընդհանուր չափին։

Բացառապես դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ ընդհանուր վերականգնվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ վնաս՝ կամ 2018թ. (680մլն ՀՀ դրամ) համեմատ գրեթե կրկնակի ավելի: Պետությանը պատճառված գույքային վնասից մնացած մոտ 10.2 մլրդ ՀՀ դրամը վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest