Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շատ փոքր, նվազ ֆիգուր է իրավապաշտպանների վրա մատ թափ տալու համար: Այս մասին Կառավարության դիմաց սևազգեստ մայրերի բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Նա դեռ այդքան ճանապարհ չունի անցած: Անգամ խիզախություն չունի անուններ նշելու, որովհետև խիզախ սպան կարողանում է չխուսափել պատասխանատվությունից, կարողանում է անուններ նշել և կարողանում է այդպիսի մարդկանց պատասխանատվության ենթարկել: Քանի դեռ չի մեծացել պարոն Բալայանն այնքան, որ անուններ տա, այդպիսի իրավապաշտպանների պատասխանտվությանը հետամուտ լինի, լավ կլինի՝ դիմում գրի, հեռանա, որովհետև նա իսկապես իր տեղում չէ»,- նշեց Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը անդրադառնալով բանակում, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, նշել էր, որ իրավապաշտպանները քայքայիչ գործութնեություն են իրականացնում․

«Իմ պատկերացմամբ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք․ կարծում եմ, որ իրավապահ մարմինները շուտով կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,-ասել է նա։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենց պայքարի ամենակարևոր արդյունքն այն է, որ շուրջ մեկ ամիս է՝ զինված ուժերում չկա նոր զոհ:

«Մեր շարժմանը հետևել են փակ, գաղտնի հանդիպումներ, երբ հանդիպել են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Բայց այդ հանդիպմանն ինչ-որ հանդիպումներ են ձեռք բերվել, որի արդյունքում նոր պարոն Բալայանը համարձակվել է այսպիսի հայտարարություն անել»,- ասաց իրավապաշտպանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest