Քննիչները գաղտնալսել են ամուսինների գիշերը բերդում

1112

Կալանավայրերում ազատազրկված անձանց գաղտնալսում են երկարատև տեսակցությունների ժամանակ։ Այդ տեսակցությունները, որոնք թույլատրվում են ամուսնական զույգերին, դատապարտյալի և կալանավորի համար սիրելի մարդկանց տեսնելու  միակ հնարավորությունն են, բայց պարզվում է, քրեակատարողական հիմնարկի աշխատողները ևս «ներկա» են լինում դրանց:

Այս փաստը հայտնի դարձավ, երբ քրեական գործերից մեկով նախաքննության փուլն ավարտվեց և նյութերն ուղարկվեցին դատարան և կողմերին։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը, ծանոթանալով նախաքննության  նյութերին, բացահայտեց, որ դատախազությունը ապացույց է ճանաչել իր պաշտպանյալի և նրա ամուսնու անձնական երկարատև հանդիպման ձայնագրությունը: 

«Գործով իմ պաշտպանյալին սպանություն կատարելու մեղադրանք են առաջադրել։ Այդ նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի հետ երկարատև տեսակցություն է ունեցել, ով իր ամուսինն է։ Փաստորեն, օպերատիվ հետախուզական միջոցառում են իրականացրել ամուսինների տեսակցության ժամանակ»,- պատմում է Արայիկ Պապիկյանը։

Ըստ նրա, գաղտնալսումների ձայնագրությունները տևել են ժամեր։ Մեկը՝ մոտ 16 ժամ, երկրորդը՝ ավելի երկար։

Նրա պաշտպանյալ Նարե Ներսիսյանը և նրա ամոսինը՝ Սարգիս Ֆարմայանը, ամբաստանվում են քրեական օրենսգրքի 104-րդ և 266-րդ հոդվածներով /սպանությունև թմրամիջոցների ապօրինի շրջանառություն/, այjն բանի համար, որ նրանք թմրամիջոց իրացնելու եղանակով, ապօրինաբար, պատվեր կատարելու դիտավորությամբ Էդգար Գյուլազյանին զրկել է կյանքից: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Գործի նյութերը ստանալուն պես Արայիկ Պապիկյանը պարզել է, որ ինքը ևս գաղտնալսվել է։ «Ոչ թե իմ հեռախոսն են գաղտնալսել, այլ այս գործով անցնող վկայի, որի հետ զրուցել եմ։ Իմ պաշտպանյալի  մայրիկի հետ զրույցները գաղտնալսել են, արձանագրել, ճանաչել են որպես ապացույց, կցել են գործին և ուղարկել են դատարան: Վկային գաղտնալսելու դատարանի որոշում եղել է, բայց վկան եղել է անձը, որը պատվիրել էր փաստաբանին զբաղվել իր որդու գործով, ինչն անթուլատրելի էր», — ասում է փաստաբանը։

Փաստաբանի հետ զրույցը չէր կարելի ձայնագրել և ներկայացնել, որպես ապացույց, քանի որ դրանով խախտվում է փաստաբանական գաղտնի մասին օրենսդրական բոլոր հիմքերը: Մասնավորապես դա հակասում է «Փաստաբանության մասին» օրենքի 25-րդ հոդվածին, որի համաձայն.

«Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները եւ ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաեւ այն տեղեկությունները եւ ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն»:

 Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով արգելվում է հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ: Նման նյութերը օրենքի համաձայն ենթակա են ոչնչացման։

«Խնդիրն այն է, որ նրանք մտել են անձնական կյանքի տիրույթ։ Ամուսինների երկարատև տեսակցությունը գաղտնալսելը, անգամ եթե այդ մարդիկ նույն գործով մեղադրյալներ են, միևնույն է, խախտվել է նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Երբ որ նրանց տարել են Երևանի ձերբակալվածների պահման վայր, որտեղ նրանք մնացել են․ նրանց խցերում ներքին դիտում են իրականացրել։ Այսինքն՝ իրենք մշտապես եղել են գաղտնալսման տակ», — ասում է Արայիկ Պապիկյանը։

Ըստ փաստաբանի, մեղադրյալ ամուսինների բոլոր տեսակցությունները արգելված են եղել:

«Թույլտվությունները քննիչի որոշմամբ կայացվել են նոյեմբերի վերջին,  սակայն նոյեմբերի 6-ին արդեն դատարանը արտոնել է նրանց ներքին դիտումը: Այսինքն նախ ստեղծել են ծուղակ, հետո ձայնագրել են: Որքան ես կարողացա պարզել, կամ դատավորին են խաբել, կամ բոլորն էլ գիտակցել են, որ անօրինական ծուղակ են պատրաստում”:

Արայիկ Պապիկյանը առայժմ չի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։

Չ՞է որ կատարվել է հանցագործություն քննիչի, դատավորի կողմից։ Ինչո՞ւ չեք բողոքում։

«Ես թերահավատ եմ, որ այսօրվա քննիչները, կամ դատախազները պատրաստ են գործ հարուցել քննիչի ու դատախազի նկատմամբ։ Այդ ամենը, բնականաբար, հավանության է արժանացել հսկող դատախազի կողմից, և դատարանում պետք է քննվի։ Ես դատարանում պատրաստվում եմ այս մասին հայտարարություն անել», — ասաց փաստաբանը։

Կարելի է արդյոք գաղտնալսել ամուսինների երկարատև տեսակցությունը կալանավայրում, եթե նրանք գործով անցնում են որպես մեղադրյալներ: Իրավաբաններն այս հարցում տարակարծիք են: Մասնագետներից ոմանք պնդում են, որ դատարանի որոշմամբ կարելի է ներխուժել մարդու անձնական կյանք:  Մյուսները համոզված են, որ այս եղանակով շրջանցվում է մերձավոր հարազատի դեմ ցուցմունք չտալու վերաբերյալ սահմանադրական նորմը: Առավել ևս անթուլատրելի է մեղադրյալի մոր և փաստաբանին գաղտնալսումը:

Սահմանադրությամբ (65-րդ հոդված) ամրագրված է. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»։

ՁՊՎ-ում ներքին դիտման սանկցիան տվել է դատավոր Մ․ Մարտիրոսյանը: Hեռախոսային խոսակցություների գաղտնալսման սանկցիան տվել է դատավոր Ռ․ Պապոյանը: Eրկարատևի ներքին դիտման սանկցիան տվել է դատավոր Ա․ Մկրտչյանը։ Գործով դատախազը Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Մ․ Արզումանյանն է։

Նախկինում ազատազրկման դատապարտված անձինք վստահեցնում են, որ երկարատև տեսակցությունների գաղտնալսումները կալանավայրերում միշտ էլ իրականացվել են։ Դա արվել է քրեակատարողական հիմնարկի ներքին անվտանգության բաժինների աշխատակիցների կողմից։ Իմանալով այդ մասին, դատապարտյալները տեսակցությունների ժամանակ զուսպ են եղել։

Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանին հարցրեցինք, թե ի՞նչ իրավունքով են խախտվել դատապարտյալների անձնական կյանքի գաղտնիությունը։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի դատախազի հանձնարարության հիման վրա 2019թ. նոյեմբերի 6-ին դատարան է ներկայացվել միջնորդություն ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների կալանավոր անձանց Նարե Ներսիսյանի ու Սարգիս Ֆարմանյանի նկատմամբ «Աբովյան» ՔԿՀ-ում երկարատև տեսակցության ընթացքում «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվության մասին, որը դատարանի՝ 06.11.2019թ. որոշմամբ բավարարվել է»:

Իսկ գլխավոր դատախազությունից մեր հարցմանը պատասխանեցին. « « “Իրականացվել է լրիվ իրավաչափ գործընթաց: Մեղադրյալի և նրա ամուսնու նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվել է դատարանի 2019 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ստացված թույլտվության պայմաններում: Արդյունքները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվել են քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, իսկ քրեական գործի նյութերում տեղ է գտել միայն քրեական գործի քննության առարկային վերաբերելի տեղեկատվությունը»:

Սյուզան Սիմոնյան