Արհեստական խոչընդոտներ՝ բանակում հոգեկան խանգարում ստացած զինծառայողի գործով

519
Արթուր Հակոբյան

Բանակում խոշտանգման հետևանքով հոգեկան խնդիրներ ստացած զինծառայող Արթուր Հակոբյանը արդեն հինգ տարի է շարունակում է դատարանում պաշտպանել իր խախտված իրավունքները։ Դեռ ամիսներ առաջ Հակոբյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարան բողոք էր ներկայացրել, պահանջելով Արթուրի նկատմամբ փորձաքննություն նշանակվի, պարզելու՝ խոշտանգվե՞լ է արդյոք, թե՝ ոչ։ Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ պետք է փորձաքննության նշանակվի և պատշաճ քննություն իրականացվի։

«Յոթ ամիս անց նոր միայն պատասխան եմ ստացել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն պատասխանը հուսադրող չէր։ Գործը մակագրվել է դատավոր Գնել Գասպարյանին, ում նստավայրն այս պահին Արցախում է գտնվում՝ Ստեփանակերտ քաղաքում։ Այսինքն, ստացվում է, որ բողոքիս քննության համար իմ վստահորդի հետ պետք է գնանք ու հասնենք Արցա՞խ։ Արթուրի առողջական և հոգեկան վիճակը վատ է, նա չի կարող այդքան ճանապարհ անցնել»,- Forrights-ի հետ զրույցում իր բողոքն է բարձրաձայնում Արա Ղարագյոզյանը։

Ստեղծված իրավիճակի մասին փաստաբան Ղարագյոզյանն ահազանգել է Բարձրագույն դատական խորհուրդ, նշելով, որ տարածքային ընդհատություն գոյություն ունի՝ որտեղ որ կատարվել է դեպքը, այդտեղի դատարանում էլ պետք է քննվի գործը։

Տուժողի ներկայացուցիչը, չցանկանալով տարանջատել Հայաստանի հանրապետությունը և Արցախը, այնուամենայնիվ փաստեց՝ ըստ էության, Արցախը համարվում է այլ պետություն և ունի առանձին դատական համակարգ,

«Խնդրին իրավական տեսանկյունից նայելով միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով Սյունիքի մարզի դատավորը պետք է բողոքի քննությունն իրականացնի Արցախի հանրապետությունում»։

Արա Ղարագյոզյանը նաև  այլընտրաքային տարբերակ է առաջարկել՝ թող դատավորն ինքը գործուղման գա Սյունիք, քանի որ այլ պարագայում կսահմանափակվի տուժող կողմի իրավունքը։

Բարձրագույն դատական խորհուրդը փաստաբանի դիմումն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանին, որտեղից երկու ամիս է պատասխան չի ստացել։

Առաջիկա դատական նիստը նշանակված է մարտ 9-ին։ Տուժող կողմը չի պատրաստվում դատարան ներկայանալ, նշելով՝ տեղի է ունենում դատարանի մատչելիության խախտում։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Արթուր Հակոբյանն Ագարակի զորամասում զինվորական ծառայության ընթացքում հրամանատարի կողմից ենթարկվել էր խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի հետևանքով ձեռք էր բերել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ 2018 թվականին Վճռաբեկ դատարանն աննախադեպ որոշում էր կայացրել, արձանագրելով, որ ստորադաս դատարանները թույլ են տվել զինծառայող Հակոբյանի՝ Կոնվեցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, և Քրեական դատավարական օրենսգրքի  մի շարք հոդվածների խախտումներ՝ 17-րդ, 86-րդ, 210-րդ, որոնք իրենց բնույթով ոչ միայն էական նշանակություն են ունեցել, այլևս ազդել են գործով ճիշտ և արդարացի որոշման կայացմանը:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել էր հոգեկան առողջություն ունեցող անձի հարցաքննությանը և փաստել է, որ հոգեկան հիվանդություն ունեցող տուժողին լսելու իրավունքի սահմանափակումը հանգեցրել է Արթուր Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտմանը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը բազմիցս է հայտարարել, որ իր վստահորդի նկատմամբ Դատախազությունը պատժողական քաղաքականություն է վարում։ Ըստ փաստաբանի, Զինվորական դատախազությունն ամեն միջոց կիրառում է, որ զինվորի խոշտանգման հանգամանքը չբացահայտվի․

«Դատախազությունն ամեն հնարավորն անում է գործը կոծկելու, փակելու և Արթուրի իրավունքները ոտնահարելու համար։ Այս գործն արդեն 3 անգամ բացվում-փակվում է և Արթուրի խախտված իրավունքները չեն վերականգնվում, անընդհատ բողոքարկման փուլի մենջ ենք գտնվում և գործը տեղից չի շարժվում»,- նշում է փաստաբանը։

Ռոզա Վարդանյան