Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդության լուծումը հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը:
Ռոբերտ
Դատական նիստը շարունակվեց, ապա Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
Նա ասաց, որ անմիջապես այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, վարչապետն ու նրա թիմակիցները, անտեսելով իրական վարկածն ու անմեղության վարկածը, սկսել են տարածել ու մինչև այժմ տարածում են այնպիսի բովանդակությամբ տեղեկատվություն, որով Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է իբրև հանցագործ։
Փաստաբանը հիշատակեց նաև վարչապետի խոսքերից օրինակ՝ «Ով Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, նա մեր դեմ է աշխատում»։
Պաշտպանը հիշեցրեց նաև ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումը, վարչապետի կոչը՝ արգելափակել դատարանների մուտքերը, Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված զարգացումները։
Նա մեջբերեց «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքերը, թե բոլոր դատավորները պետք է լինեն Աննա Դանիբեկյանի պես: Ալումյանն ասաց, որ իշխանությունները, Ոստիկանությունը, ԱԱԾ անթաքույց ցույց են տալիս, որ ցանկանում են՝ Քոչարյանը մնա կալանքի տակ և երբ ԲԴԽ նախագահն ասում է, որ բոլոր դատավորները պետք է լինեն Դանիբեկյանի պես, ըստ Ալումյանի, դա նշանակում է, որ լինել իշխանություններին հլուհնազանդ դատավորներ:
«Անաչառ դիտորդի մոտ այնպիսի տպավորություն է, որ Դուք այն դատավորն եք, որին իշխանությունները ցանկանում են ունենալ, քանի որ նրանց իղձերը կարող եք իրականացնել»,-ասաց Հայկ Ալումյանը։
Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց՝ պաշտպանական կողմը անցել է իրավունքի չարաշահման:
Դատախազը դատավորին առաջարկեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը թողնել առանց քննության:
Ըստ Պետրոսյանի՝ առանց հիմքերի, նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվում, որոնց պատճառով կողմերը բովանդակային քննարկման անցնել չեն կարողանում․
Առանց հիմքերի, նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվում, որոնց պատճառով կողմերը բովանդակային քննարկման անցնել չենք կարողանում անցնել»,-ասաց նա:
Դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ, առարկություն ներկայացնելիս ասաց, որ
սույն դատական նիստի ընթացքում կողմերի հավասարությունը դասական իմաստով պահպանվում է. «Չկա որևէ հարց, որ ես նկատեմ, թե պաշտպանական կողմի որևէ իրավունք սահմանափակվում է, եթե ես նկատեմ, որ մեղադրանքի կողմին տրվում է առավելություն, ես ինքս կարձագանքեմ»,- ասաց Բաղդասարյանը:
Նա անտեղի համարեց դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի հիմքի և դատավոր Աննա Դանիբեկյանին ճնշելու փորձ կատարած անձանց գործի համեմատությունը:
Բաղդասարյանն ասաց՝ մի դեպքում վիճարկվում է դատավորի այդ գործով նախկինում ենթադրյալ կայացրած որոշումը, մեկ այլ դեպքում՝ փորձ է արվել առերևույթ միջամտություն կատարել դատարանի գործերին:
Պաշտպանական կողմի սույն միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 6-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: