«Ես և ՊՆ-ն «Ձորա ՀԷԿ»-ի օտարման հարցով որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ»․ Սեյրան Օհանյան

319
Սեյրան Օհանյան

«Ես այդ կասկածանքը չեմ ընդունում, որովհետև իմ հետ որևէ կապ չունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով  խոշոր չափերի վատնում կատարելու կասկածանքով իրեն քրգործով որպես կասկածյալ ներգրավելու հանգամանքին։

««Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ն 2002 թվականին փոխանցվել է Պաշտպանության նախարարությանը, 2010-ին՝ օտարվել: Բնականաբար, ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Կառավարության որոշմամբ փոխանցվել է, Կառավարության որոշմամբ օտարվել, իսկ Կառավարության որոշումներն անցնում են մինչգերատեսչական համաձայնություն և գործադիրի բոլոր մարմինների կողմից ստանում են համաձայնություն։ Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը որ վերաբերվում է ՊՆ-ին»,-մանրամասնեց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ օտարման հիմնական գործընթացը իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը, որովհետև մասնագիտական առումով «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ աշխատանքի արդյունավետությունը, վիճակը, դերը, զարգացման ընթացքն ու ինչպես նաև օտարման ընթացքը որոշում է մասնագիտական գերատեսչությունը, որն էլ  իրականացրել է այն․

«Դեռ ավելին, նրանք են ընտրել գնորդ կողմին, ինչպես նաև գինը։ Ընդ որում՝ ասեմ, որ դոլարայինով այն ժամանակ վաճառվել է 10 մլն դոլարով, իսկ հիմա իրենց գնահատած փոխարժեքով 9,5 մլն դոլար է այն կազմել: Այսինքն ՊՆ-ն որևէ շահագրգռվածություն չուներ»,-մանրամասնեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նախկին նախարարը տեղեկացրեց, որ ինքը սույն գործով ցուցմունք չի տվել, և որևէ տեղ չի ստորագրել։

«Տեղեկատվական դաշտում այս ամբողջ տեսարանը՝ թատրոնը, կարծում եմ, որ անտեղի է, որովհետև ՀՔԾ- ն, վերջին տարիների իր գործելաոճի շրջանակներում խախտում է նախաքննական գաղտնիությունը, կասկածանքը դեռ պետք է ապացուցվի։ Իրենք գիտեն գնորդ կողմին, քանի անգամ է վերավաճառվել, գիտեն այդ փորձագիտական կազմակերպություններին, որոնցից որևէ մեկին ես չեմ ճանաչում»,-ասաց նա։

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում նման գործում իրեն որպես կասկածյալ ներգրավելու հանգամանքը, Սեյրան Օհանյանը չկարողացավ պատասխանել, միայն արձագանքեց․

«Մինչև ապրիլի 5-ը կարող է ևս մի 10 հատ այսպիսի գործ գտնեն, բայց գործով պետք է ամեն ինչ ապացուցվի»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը