ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ, 3 դուստրերի հետ հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Նա ծաղիկներ խոնարհեց Մյասնիկյանի արձանի մոտ: Վարչապետը ծաղիկներ խոնարհելուց հետո զրուցեց մահացածների հարազատների հետ:
Նշենք, որ հարգանքի տուրք մատուցեցին Կառավարության մի շարք անդամներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ուղիղ 12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց։ Բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:
10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան:
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեծ թվով մարդիկ ձերբակալվեցին և կալանավորվեցին։Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Որպես վկա հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: