«Երբ հեղափոխությունից հետո քաղաքական գնահատական չի տրվում, երբ լուստրացիա չի արվում, երբ ամեն ոլորտի համար՝ ռեալ պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվում, ապա լինում է այն, ինչը որ տեղի ունեցավ ի դեմս այդ հայտարարության», ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանի իրավապաշտպանների հասցեին հնչեցրած հայտարարություններին արձագանքեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։
Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել էր, որ իրավապաշտպանների մոտ հրճվանք է առաջացնում բանակում ամեն ողբերգական դեպք․ «Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում:
Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ յուրաքանչյուր ողբերգական դեպք հրճվանք է առաջացնում: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար:
Դռնից հանում են, լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են, դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,-ասել էր փոխնախարարը, հավելելով, որ իրավապահները պետք է զբաղվեն այդ իրավապաշտպաններով։
Իրավապաշտպանը նկատեց, որ բոլոր ժամանակներում իրավապաշտպաններին թշնամի ու մեղավոր են համարել նրանք, ովքեր որ չեն կարողացել ներսում իրենց խնդիրները լուծել և այդ վատագույն ավանդույթները շարունակվում են մինչ օրս․
«Իրենք չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կան մարդիկ, ովքեր կարողացան կոտրել բանակում տեղի ունեցող իրադարձությունների տաբուն և դա արել են տարիներ շարունակ, իսկ հիմա կարողացել են հանրությանը ներգրավել բողոքի մեջ։ Թող համակերպվեն այդ մտքի հետ, որովհետև միևնույն է պայքարը շարունակվելու է։ Մենք չունենք մատաղ անելու զինվորներ և թուլացնելու բանակ։ Մենք ստանձնելու ենք, բացառապես միայն վերակառուցելու, վերափոխելու, ամրացնելու, մարդկանց կյանքն էլ պաշտպանելու, պահպանելու գործառույթը։ Թող համակերպվեն հանցավոր ռեժիմի այդ նվիրյալները»,-վստահեցրեց Նինա Կարապետյանցը,հավելելով, որ քրեական գործերով երբեք չեն կարող վախեցնել իրավապաշտպաններին,-«Մենք երկար ու դառը փորձ ունենք անցած»։
Իրավապաշտպանը չկարողացավ հստակ նշել, թե վերոնշյալ հայտարարությունը ՊՆ-ինն է, թե հենց Գաբրիել Բալայանի անձնական կարծիքը, սակայն նկատեց, որ վերաբերմունքը՝ ընդհանուր առմամբ ամբողջ ՊՆ-ի տարբեր տեսակի պաշտոններ զբաղեցնող անձանց կարծիքն է, դա արդեն փաստ է․
«Յուրաքանչյուրը իր հերթին, իր բառապաշարով փորձել է այդ տեսակետը բարձրաձայնի, ուղղակի Բալայանը երևի բոլորի սրտից խոսեց և հիմա բոլորը նրան սրտիկներ են դնում»,-ասաց Նինա Կարապետյանցը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ի պատասխան ասում է, որ Գաբրիել Բալայանը նման հայտարարությամբ բացառիկ անպատասխանատու պաշտոնատար անձ է հանդես գալիս և բացարձակապես չի խոսում գերատեսչության և իր կողմից պարտավորությունների կատարման մասին:
«Նա հաշվետվություն չի ներկայացնում և չի հասկանում, որ իրենց չարած գործողությունների հետևանքով են տեղի ունենում մահվան դեպքերը: Իսկ այդ դեպքերի վերաբերյալ ահազանգերին որակումներ տալով՝ նա նպատակ է հետապնդում լռեցնել, ավելին, սպառնում է ենթադրյալ քրեական հետապնդմամբ՝ մոռանալով, որ պաշտոնատար անձի կողմից հենց իր պարտականությունները չկատարելն է, որ հանգեցրել է ծանր հետևանքների, հանդիսանում 1 քրեական հետապնդման հիմք»,- ասում է Սաքունցը:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքներ»-ի ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշեցնում է, որ Պաշտպանության նախարարությունը բարեփոխումներ անելու հայտարարությամբ է հանդես եկել, սակայն այս ձևով և այս կադրերով բարեփոխում անելն անհնար է համարում․
«Ինչպես կարող է Պաշտպանության նախարարությունը չընդունել իր պատասխանատվությունը մահվան դեպքերով և փորձել մեղավորներ գտնել, ու այդ մեղավորները միշտ կան, դրանք իրավապաշտպաներն են, որոնք բարձրաձայնում են այդ հարցերը»,-նկատում է իրավապաշտպանը, հավելելով, որ որևէ հույս չկա, որ ՊՆ-ն մի քայլ առաջ բարեփոխում կանի։:
«Այս պարագայում, միակ բանը, որ կարող է հրճվանք առաջացնել` նման անսահման տգիտությունն է: Մի հատ մտքի թռիչքը տեսեք. “իրավապահները պետք է զբաղվեն այդ իրավապաշտպաններով”: Ես ուզում եմ, որ ինձնով զբաղվեն իրավապահները ու պատրաստ եմ դատարանում հիմնավորել այս հայտարարության անհեթեթությունը: Մանիպուլատիվ հայտարարություններ անելու եւ դավադրության տեսություններ հնարելու փոխարեն գործ է պետք անել կանխելու համար բանակում մահվան դեպքերը», ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել Խաղաղության երկխոսություն ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: