«Զորաշեն» ՍՊԸ-ի սերտիֆիկատը վավեր չի եղել. Դավիթ Սանասարյանի գործով հրապարակվում են գրավոր փաստաթղթերը

0
149

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստում այսօր ընթերցվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը, այդ թվում՝ 2018թ.-ին մրցութային հանձնաժողովի արձանագրությունները, հանձնաժողովին ներկայացված՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահած «Զորաշեն» ՍՊԸ-ի՝ որակը հաստատող սերտիֆիկատը:

Ըստ արձանագրությունների՝ պատվիրատուի կողմից իրականացվել է հարցում սերտիֆիկատը տրամադրող կազմակերպությանը, և պարզվել է, որ սերտիֆիկատը վավեր չէ:

Հիմք ընդունելով կառավարության համապատասխան կարգը՝ «Զորաշեն»-ին առաջարկվել է շտկել անհստակությունը: ՍՊԸ-ն այնուհետեւ շտկել է բացթողումը՝ ներկայացնելով պարզաբանում, և ՍՊԸ-ի ներկայացրած հայտը բավարար է գնահատվել: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Զորաշեն» ՍՊԸ-ն:

Բացի այդ, ըստ նյութերի, գործով ամբաստանյալներից Սամվել Ադյանը «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին առաջարկել է ընդլայնել մրցույթի չափորոշիչների պայմանները, որպեսզի հետագայում «Զորաշենը» հնարավորություն ունենա մրցույթին կրկին մասնակցել: Ադյանի պաշտպանը շտկեց, թե ոչ միայն «Զորաշենը», այլև մնացած այլ ընկերությունները:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ բժշկական սարքավորումների ներկրմամբ զբաղված «Զորաշենը» մինչ այդ կահույք է արտադրել:

Նշենք, որ գործի 28 հատորներից դեռևս հետազոտվել են երկուսը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here