Forrights-ի հարցազրույցը քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանի հետ։

-Տարեսկզբից  բանակում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք։ Սա աննախադեպ մեծ թիվ է և սրան հաջորդեց հանրային մեծ արձագանք, Պաշտպանության նախարարությունը որոշ չափով տեղի տվեց։ Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։

-Ապրիլյան պատերազմից հետո հանրության կողմից բանակը ստացավ քարտբլանշ։ Շատ խոսվեց, որ պետք է աջակցել բանակի կայացմանը։ Վերջին իրադարձություններն էլ իրենց հերթին կոտրեցին 4 տարի գոյություն ունեցող տաբուն, ի հայտ եկան այն բոլոր խորագույն «հիվանդությունները», որոնք եղել ու շարունակում են մնալ։

Փաստենք, որ սա հետխորհրդային տարածքում վերջին խորհրդային բանակն է, այդ մոդելով գոյություն ունեցող վերջին ռազմական զինուժը։ Անգամ Ադրբեջանը փորձում է բանակը ամեն կերպ նմանեցնել ՆԱՏՕ-ի ստանդարտներին և Թուրքիան շատ մեծ դերաատարություն ունի այդ հարցում։ Հիմա նույնիսկ Ռուսաստանն է բարեփոխել բանակը և փորձում է ամեն կերպ այդ մոդելից ազատվել, իսկ մենք կանգնած ենք մի տեղում, որտեղից տեղաշարժ չկա։

Պահպանելով սովետական մոդելի բանակը, դրա տակ հասկանում ենք ռազմական կանոկակարգը, ծրագրերի պատրաստումը, սպայական կազմը, զինվորական կոչումներն ու ծառայողական գործողությունները։ Ամբողջ կոնցեպցիան է 80-ական թվականների, ոչ միայն զենքը։ Այն որևէ աղերս չունի մեր իրականության հետ։

Այդ մոդելից հեռանալը կնշանակի հեռանալ ամբողջ քաղաքականությունից, որը ներկայացվում է որպես մեր անվտանգության գլխավոր համակարգը։ Ռուսաստանը մեր ռազմական գործընկերն է, որի շնորհիվ մենք իբրև ամրանում ենք և պաշտպանվում Թուրքիայից։

-Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը մեզ պարտադրում է  սովետական բանակի մոդելը։

-Ոչ իհարկե։ Դա մեր արձագանքն է, մեր ռեֆլեքսիան է։ Մենք հարմարվել ենք այդպես։ Զրո պատասխանատվություն ունենալու, զրո ջանքեր գործադրելու ճանապարհն ենք ընտրել։ Ամենաքիչ էներգիայով, աշխատանքով և ռեսուրսներով, ինչ-որ մի կերպ պահպանել այն ստատուս քվոն, որը որ հաստատվել է 1994 թվականին հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից հետո։ Սա է այսօր մեր քաղաքականությունը։

-Կարելի է ասել, որ վերջին իրադարձությունները կոտրեցին բանակի հետ կապված  տաբուն ։

-Այո, տաբուն կոտրվեց, երբ ծնողները, համագյուղացիները իրենց որդու դին դուրս բերեցին փողոց և շարժվեցին Պաշտպանության նախարարություն։ Այդ իրադարձությունը կոտրեց տաբուն, սառույցը, որն այսքան տարիներ կար և փակում էր որևէ խոսակցություն բանակում գոյություն ունեցող իրավիճակի մասին։

Տաբուի հաղթահարումը կարևոր էր, հանրային քննարկումը միակ ստիմուլն է, որը կարող է բերել մեզ օդի պես անհրաժեշտ փոփոխությունների։

18 տարեկան հասակում մեր տղաներին պարտադրում ենք կատարել երկրի պաշտպանության ծառայությունը և անմտորեն ենք այդ հարցին վերաբերում։ Նույնիսկ տարածաշրջանի մյուս երկրներում լուծված է այդ հարցը․ Թուրքիայում 20 տարեկանում են մեկնում ծառայության։

Տարիքի բարձրացումն էական նշանակություն ունի։ Մեր կրթական համակարգը չի պատրաստում այն աստիճանի, որ մարդը կայացած լինի հոգեբանական առումով։ Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունները մեծ խնդիր ունեն նաև այդ տղաների ինքնահաստատման հարցում։ Միջանձնային խնդիրներն առաջանում են առաջինն այդ հողի վրա։ Սա նույնպես սովետական մոդելի բաղադրիչներից էր։

Այսօր մեր սպաները դաստիարակվել են բացասական սելեկցիայով և նոր սերնդի հետ բախումն արդեն առկա է։ Օր օրի ավելացող ինքնասպանությունների առաջին պատճառը հակասությունն է ազատագրված հասարակության և բանտի պես մնացած բանակային համակարգի միջև։

-Տաբուի կոտրվելուց հետո, հանրությւոնը նոր բան տեսա՞վ։

-Այո՛, հանրությունը նոր բան տեսավ, բայց դա ճանապարհի սկիզբն է, շատ կարևոր էր, որ այդ արգելքը հանվեց։ Հիմա մեծագույն ջանքեր են գործադրում, որ այդ սառույցը հետ բերեն։ Կոչ են անում գաղտնի պահել այդ դեպքերը բանակում, ամբողջական ինֆորմացիա չհրապարակել, այսպիսով ցանկանալով հետ բերել տաբուն։

-Կարծում եք՝ իշխանությունը կո՞ղմ է դրան։

-Նոր իշխանությունը մոլուցք ունի բոլոր ոլորտներում հայտնել աննախադեպ հաջողությունների մասին, երբ խնդիր է առաջանում թաքցնել իրողությունը և ցույց տալ միայն աննախադեպ հաջողությունները։

-Ինչո՞ւ  են բանակում կատարվող մահվան դեպքերը միանգամից որակվում ինքնասպանություններ։

-Նախ պարզենք՝ ինչո՞ւ է մեր երկրում հնարավոր շինծու քրեական գործեր ստեղծել կամ այլ քրեական գործերը պառտակել։ Քաղաքական պատվե՞ր է թաքցնել բանակում ներքին բախումները։ Դուք երբեք չեք լսի, որ սպեցնազում ինչ-որ մեկը ինքնասպան է եղել կամ մեկը մյուսին սպանել է, ինչո՞ւ, որովհետև սպեցնազում այլ են հարաբերությունները։ Այնտեղ չեն կարող ծառայել՝ ֆիզիկական, հոգեբանական և այլ  պատճառով չհամապատասխանող անձիք։ Ստեղծվում են կոլեկտիվներ, որոնք ի վիճակի են կատարել բարդ առաջադրանքներ։ Այդ թիմի անդամների միջև, բացի գիտելիքից, բացի կարողություններից, սոլիդառություն է հաստատվում։

Մենք չենք կարող այլ բանակ ունենալ՝ մեր ողջ բանակը պետք է լինի սպեցնազ։ Այդցառաջադրանքը՝ գեոպոլիտիկ առումներով է թելադրված։ Մենք ունենք երկու ընտրություն՝ կամ պահել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը և չունենալ բանակ, այն ինչը մենք այսօր ներկայացնում ենք, կամ աստիճանաբար հրաժարվել Ռուսաստանի այդ ռազմական պատերնացիոնալ հարաբերություններից, «շեֆությունից» մեր երկրի նկատմամբ և դրանով ձեռք բերել ավելի մեծ ազատություն արտաքին քաղաքականության տիրույթում։

Բանակը պետք է ի վիճակի լինի ապահովել երկրի անվտանգությունը, այսինքն լրացնել այն բացը, որը որ այսօր իբր թե Ռուսաստանի Դաշնությունն է կատարում։

-Հանրության մեջ տեսակետ կա, որ պետք է  չգնալ Արցախում ծառայելու։ Ինչպե՞ս եք վերաբերում Դուք այս կոչերին։

-Մենք այսօր չունենք կարգավորում այս հարցին․ վարչապետի որդին «ապօրինի» է ծառայում Արցախի բանակում, ինքը ներկայացրեց իհարկե, որ նա կամավոր է գնացել։ Ամեն ինչ սկսվում է իրավական կարգավորումից՝ մենք չունենք օրենք, որի համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք կամավոր ծառայում են Արցախի բանակում, ազատվում են Հայաստանում ծառայությունից։

Իրավական տեսակետից՝ վարչապետի որդին Արցախում իր կամավորական ծառայությունն ավարտելուց հետո պետք է գա և ծառայի Հայաստանի բանակում, որովհետև որևէ օրենք, որ ասի այդ ծառայությունը հավասարեցված է՝ մենք չունենք։

Դա իհարկե անհրաժեշտ է․ տեսանք, որ Ալիևն ասում է` դա Ձեր ցանկությունն է, որ Արցախը ներկայացված լինի որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ, բայց ինքը ինքնուրույն սուբյեկտ չի, որովհետև Հայաստանի քաղաքացիները ծառայում են Արցախի ՊԲ-ում և, ըստ էության, այդ բանակը Հայաստանի բանակի ստորաբաժանումն է, այդ դեպքում ինչու պետք է մենք Արցախի հետ բանակցենք։

-Ի՞նչ եք կարծում, դա և՞ս քաղաքական մոտեցման արդյունք է, որ իրավական կարգավորում չկա մինչ օրս։

Մենք ունեինք դոկտորին՝ արտաքին հարաբերություններում, որ հիբրիդային պատերազմը, դա հիանալի դիվանագիտական բացահայտում է։ Մենք ենք հորինել հիբրիդային պատերազմը, երբ Արցախում պատերազմ էր, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ասում էին՝ մենք դրա հետ կապ չունենք։ Դա հիբրիդային պատերազմի ձևն է, այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ինչպես է ընթանում պատերազմ՝ Ռուսաստանն ասում է՝ մենք կապ չունենք։

Սա ստեղծում է բազմաթից հարցեր՝ մարդիկ մասնակցում են այդ պատերազմին, ամբողջությամբ տրվում են այդ երևույթին, իսկ հետո ունենում են իրավական խնդիրներ, թոշակ և այլն։ Շատ ամոթալի է, որ ազգի հերոսները, պատերազմի վետերանները, ընդամենը մի քանի ամիս առաջ վարչապետի դռան տակ բողոքի ակցիա էին անցկացնում, որ վերջինս ընդունի և լսի այդ մարդկանց։ Նրանց բարձրացրած խնդիրները հորինված հարցեր չեն, բայց պետությունը տարիներ շարունակ կարող էր այդ մարդկանց նույնիսկ անտեսել, որովհետև պաշտոնապես պատերազմը չի մարել։ Դա լուրջ խնդիր է։

Լևոն Տեր-Պետրոսյանից ժառանգեցինք այդ դիվանագիտությունը, որ մենք կապ չունենք Արցախում պատերազմի հետ և ներքին լսարանը միշտ ասում է՝ մենք հաղթել ենք, մենք հաղթանակած ուժն ենք և այլն, բայց արտաքին հարաբերությունների տիրույթում նման բաներ ոչ-ոք չէր ասում։

Այսօր, երբ արդեն Եվրոպական դատարանի որոշումները կան, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես պատասխանատու կողմ՝ Ադրբեջանական կոնֆլիկտից տուժածներին հատուցումներ տրամադրելու հարցում, պետք է շատ լուրջ վերագնահատել՝ որտե՞ղ ենք հասել, պե՞տք է օրինականացնենք այս ամբողջը, թե՞ ոչ։

Ռազմական ոլորտում, իհարկե պետք է օրինականացնել Արցախի և Հայաստանի հարաբերությունները՝ կարգավորող ինչ որ օրենսդրություն է հարկավոր, որովհետև ակնհայտ է, որ Արցախի ՊԲ-ի մեզ համար շահավետ իրավիճակն այն է, որ այնտեղ ծառայեն Արցախի քաղաքացիություն ունեցող անձիք և ծառայեն պրոֆեսիոնալ, կոնտրակտային հիմունքներով։

Սահմանադրությամբ որոշված է՝ Հայաստանի տարածքից դուրս Զինված ուժերը կարող են գործել միայն համապատասխան ընթացակարգով, պետք է լինի ԱԺ-ի համապատասխան որոշում։ Այդպիսի որոշում՝ ունենալ բանակ ՀՀ տարածքից դուրս, մենք չունենք։ Այս բոլոր խնդիրները կարևոր են, որին պետք է բաց աչքերով մոտենալ և այդ տաբուներից ազատվել և չվախենալ, որ մեզ կհամարեն ագրեսոր և կարգավորել բոլոր հարաբերություններն այնպես, որ մարդկանց համար, թե՛ ծառայությունը, թե՛ դրա հետ առնչվող բոլոր իրավական հարցերը լինեն պարզ, հասկանալի  և հարմար։ Դրա դիմաց մենք միայն շահելու ենք և ոչ-ոք չի կարողանալու ասել, որ դուք մի բան ասում եք միջազգային հանրության առջև, բայց իրականում ունեք այլ վիճակ։

Որքան քիչ լինեն տաբուները, որքան բաց լինի հանրային դիսկուրսը, այդքան քիչ կլինեն վատ երևույթները, որովհետև այդ բոլոր երևույթները գալիս են ստվերից։

Հարցազրույցը՝ ստորև․

Հարցազրույցը վարեց Ժաննա Ալեքսանյանը

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest