Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը

295

Դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Հակոբյանը բացարկ ներկայացրեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Ըստ պաշտպանի դատախազը կողմնակալ և աչառու վերաբերմունք ունի գործի նկատմամբ: Որպես իր խոսքերի հիմնավորում պաշտպանը նշեց, որ մինչդատական վարույթի ընթացքում բավարար միջոցներ չեն ձեռնարկել Սերժ Սարգսյանի անմեղությունը ապացուցելու ուղղությամբ.

«Նպատակը եղել է ամեն գնով Սերժ Սարգսյանին մեղադրյալի կարգավիճակ տալը»:

Նշենք, որ դատախազն առարկել էր բերված հիմնավորումների դեմ, դրանք որակելով վերացական և անհիմն:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբն երեկ շարունակում էր պնդել, որ իրենց վստահորդի մեղադրանքը կառուցված է մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են։ Դատախազ Մարտիրոսյանն այնուհանդերձ հակադարձեց՝ մեղադրանքն ապացույցների հիման վրա է ներկայացվել:

«Մինչ այդ ամեն ինչ որոշված է եղել, ամենայն հավանականությամբ այլ տեղում և այլ պաշտոնատար անձի կողմից: Ավելին՝ քննիչը համոզված է եղել, թե ինչ ցուցմունք է տալու առերեսման կանչված անձը: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կառուցված է մեկ ապացույցի, այն է՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անարժանահավատ և անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի», — հայտարարել էր Ռուբեն Հակոբյանը:

«Քրեական գործում թվարկված են մի շարք ապացույցներ, պատահական չէր, որ պաշտպանության կողմը նշեց, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 82 էջից, և մեղադրական եզրակացության մեջ մանրամասն թվարկված են այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ գործով մյուս ամբաստանյալների մեղադրանքի հիմքում», — ասել էր դատախազը:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: