Վերաքննիչ դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտյալին

365
Մարտի 1

ՀՀ վերաքննիչ դատարանը անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալ Հովհաննես Ղազարյանին՝ նման կերպ բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

2008 թվականին ընդունված դատավճռով Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։

«Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը», — գրել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով երեք արդարացման դատավճիռ կարդաց։ Առաջինը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր․ սեպտեմբերի 18-ին դատարանը բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց Ջհանգիրյանի անմեղությունը և արդարացրեց նրան։ Քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արդարացման երկրորդ ակտը «բաժին ընկավ» կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին։ Դատական նիստում մեղադրող դատախազը հրաժարվել էր Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից։

Դեկտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանի վճռով արդարացվեց և անմեղ ճանաչվեց երրորդ մարդը՝ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանը։ Ըստ Գլխավոր դատախազության, Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքներ։

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում դեռ օգոստոսի 10-ին  էր համաձայնություն ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ի կայացված դատավճիռների բողոքարկման գործընթացը, եթե դրանցում առկա լինեն նոր երևան եկած հանգամանքներ կամ առերևույթ պարունակեն ոչ ճշգրիտ վճիռներ: