«Մեղադրանքը չեմ ընդունում և խնդրում եմ բացատրել՝ թե որոնք են իմ ապօրինի գործողությունները»,- դատական նիստի ժամանակ դիմելով մեղադրող Կարեն Սուքիասյանին, բացատրություն էր պահանջում ամբաստանյալը։ Սակայն պատասխան այդպես էլ չհնչեց և կրկին մեջբերվեցին մեղադրանքից հատվածներ։ Երեք անչափահասների հայր, 34-ամյա Վիլիամ Դանիելյանը տարակուսանքի մեջ է, և չգիտի թե ինչո՞ւ են իրեն մեղադրանք առաջադրել:
Վիլիամը մեղադրվում է այն բանի համար, թե իբր խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել են Կարեն Խնուսյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել ատրճանակ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Կարեն Խնուսյանն արդեն սպանված է եղել։ Ըստ մեղադրանքի, Վիլիամը ՝ տեղեկանալով, որ Կարեն Խնուսյանը Հայաստանում է, եղբոր սպանության համար վրեժխնդրության նպատակով հետևել է վերջինիս, փորձել է իմանալ նրա գտնվելու վայրը և այլ մանրամասներ։
Վիլիամ Դանիելյանի փաստաբան Արման Բայադյանը մեղադրանքն անհիմն է համարում․
«Մեղադրանքի մեջ ձևակերպված շարադրանքը չի համապատասխանում իրականությանը և փաստացի այդ գործողությունները որոնք մեղսագրվում են իմ պաշտպանյալին ապօրինի դիտելու իրավաչափության խնդիր կա»,-Forrights-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ ինքը մինչև այժմ չի կարողանում Վիլիամին և մյուս մեղադրյալ Գևորգ Չապուխյանին բացատրել մեղադրանքի բուն էությունը։
Հունաստանի Սալոնիկ քաղաքի դատարանը 2015թ. Խնուսյանին դատապարտել էր 57 տարի և 6 ամիս ազատազրկման՝ անձի առևանգման, սպանության, ապօրինի զենք կրելու և կողոպուտ կատարելու համար։ Խնուսյանի կողմից սպանված անձը Վիլյամ Դանիելյանի եղբայրն էր՝ Արկադի Դանիելյանը։
«Մեղադրանքում ասվում է, որ գնացել է այս ինչ տեղը, այս ինչ բանը հետաքրքրվելու, նախ դրա վերաբերյալ քրգործում ապացույց չկա և բացի այդ էլ եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ մի բանի է գնացել, դա ինչ առնչություն ունի տուժողի հետ՝ Կարեն Խնուսյանի և գործի հետ»,- հարցնում է փաստաբանը։
Հատկանշական է, որ գործում նշված այդ հետապնդումների և ինչ-որ ինֆորմացիա հավաքագրելու վերաբեյալ հստակ ժամանակ նշված չէ, նույնիսկ գործողության վայրը։ Փաստաբանն ասում է, որ այդ ամբողջ նյութերը պետք է կապակցված լինեին միմիանց հետ, այլ ոչ թե ենթադրություններ լինեին, որ եթե որևէ ժամանակահատվածում տուժողի՝ Կարեն Խնուսյանի և Վիլիամ Դանիելյանի ճանապարհենրը «խաչվել են», ապա դրա միտումը հենց տուժողի սպանությանն ուղղված գործողություններն են․
«Այո, կարող է ինչ-որ մի տեղ այս մարդկանց ճանապարհները խաչվել են և իրականում կարող է համընկնի այդ փողոցներ այցելությունները, բայց դա դեռ չի նշանակում, որ մարդը նախապատրաստում է սպանություն, այսինքն սրանք պետք է սպանության նախապատրաստական առումով կրեն որոշակի ապօրինի՝ ոչ իրավաչափ հանգամանքներ, ինչը բացակայում է»,-մանրամասնեց Արման Բայադյանը։
Տարօրինակ է նաև այն, որ ըստ մեղադրանքի, Վիլիամի և մյուս մեղադրայլ Գևորգի հետ խմբի կազմում եղել են նաև 3 այլ անձիք՝ Ռոբերտ Մակինյանը, Եղիշ Պետրոսյանը, Արտյոմ Գաբալյանը, սակայն վերջիններիս մեղադրանք չի առաջադրվել, ասենք ավելին՝ նրանք այս գործում վկայի կարգավիճակ ունեն և նախաքննական մարմինը գործից իրենց մասն անջատել է․ սրա մեջ միտում կա, սակայն՝ ինչ միտում փաստաբանը դժվարացավ նշել։
«Մեղադրանքի որոշման մեջ օգտագործում են ձևակերպումներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ այս մարդիկ էլ են մասնակցել «ապօրինի գործողություններին» կամ օժանդակել են և ենթադրվում է, որ իրենց էլ պետք է մեղսագրվեր ինչ որ արարք, բայց այս պահին մաս են անջատում և ասում են՝ դուք սրա հետ գործ չունեք, մենք առանձին գնահատական կտանք»,-մանրամասնեց փաստաբանը հավելելով, որ նշված անձինք գործով որպես մեղադրայլ չեն անցնում և «գտնվում են իրավապահների թև ու թիկունքի տակ»։
Փաստաբանը նկատում է, որ գործում կան չպարզված հանգամանքներ՝ այն է, որ իբր թե Գևորգ Չապուխյանը 2019 թվականի փետրվարի 15-ին’ երեկոյան ժամերին, գործով չպարզված հանգամանքներում Երևան քաղաքի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ մոտակայքից որպես Կարեն Խնոայանի սպանության հանցագործության գործիք ապօրինի ձեռք է բերել և պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «CZ 27» մոդելի ատրճանակը։ Մեղադրանքում չի նշվում հստակ ժամանակահատվածը, թե ե՞րբ է զենքը ձեռքբերվել և ի՞նչ պայմաններում․
«Եթե գործում կան չպարզված հանգամանքներ, ապա ինչո՞ւ է ավարտվել նախաքննությունը, ինչո՞ւ է մեղադրական եզրակացության մեջ նշվել այդ հանգամանքը և վերջապես հստակ, բացի զենք ձեռք բերելուց իմ պաշտպանյալը ինչ գործողություններ է կատարել սպանությունը կազմակերպելու նպատակով»,-վրդովված դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Արման Բայադյանը։
Ինչո՞ւ Ռոբերտ Մակինյանը մեղադրյալի կարգավիճակ չունի․․․ Ինչո՞ւ Ֆելիքսի՝ ումից, որ ենթադրյալ զենքը գնվել է, նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում․․․ Ինչո՞ւ տուժողի մասին որևէ տվյալ չկա․․․ Հարցերն ու հարցականներն այս գործում շատ են։
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում, սպանվածը Կարեն Խնուսյանն է, ով հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստանի Կարեն»։
Դեպքի մանրամասները հետևյալն են՝ Հունաստանում վերոնշյալ սպանությունից մեկ տարի անց՝ 2016թ. ապրիլին, նրան 6 օրով արձակուրդ են տրամադրել, որից հետո նա չի վերադարձել քրեակատարողական հիմնարկ։ Խնուսյանը ապօրինի ժամանել է Հայաստան։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերել ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել Վիլիամ Դանիելյանին և Գևորգ Չապուխյանին, որոնք 2019 թվականի մարտի 2-ից կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կողմից սպանություն նախապատրաստելը) և 235 հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով։
Բուն սպանության գործով, սակայն, մինչև այսօր որևէ անձ կասկածյալի կարգավիճակ չունի։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: