Մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ 30-ամյա Անուշ Շալունցը դրսում հայտնվելու վտանգի առաջ է կանգնած։ Քեռին ու քեռակինը հրաժարվում են այլևս պահել և խնամել աղջկան։
Շալունցի համար այս ամենը ճակատագրական է թվում․ աղջիկը տառապում է ծանր աստիճանի մտավոր հետամնացությամբ, արտահայտված խոսքի բացակայությամբ և աջակողմյան հեմիպարեզով հոգեկան հիվանդությամբ։ Նա չի խոսում, բացի «ըըըը», «իիիի» ձայնարկություններից ուրիշ ոչինչ չի արտաբերում, գիտելիքներ գործնականում չունի, էմոցիաները՝ նաիվ են, պարզունակ, տառաճանաչ չէ, պահվածքը՝ մանկական, ինտելեկտը չի զարգացել։ Անուշը երկու տարեկան էր, երբ ձեռքը տաք ճաշի մեջ մտցնելու հետևանքով ուղեղը ենթարկվեց սթրեսի և մանկական ուղեղային կաթված ստացավ, կաթվածահարվեց նաև աջ ձեռքն ամբողջությամբ։ Քայլել սկսել է 13 տարեկանից, այն էլ տևական բուժման արդյունքում, դպրոց ընդհանրապես չի հաճախել։
Աղջիկը քեռու տուն է տեղափոխվել 2013 թվականին՝ մոր մահից հետո։ Հայրը՝ Կամո Շալունցը, ցմահ դատապարտված է, ում այս տարիների ընթացքում կարողացել է տեսնել միայն մեկ անգամ։ Անուշն ունի նաև եղբայր, ով, սակայն, որևէ կապ չի ցանկանալ ունենալ քրոջ հետ։
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ դատահոգեբուժական հանձնաժողովը Անուշի հետ մի քանի ժամ անցկացնելուց հետո նրան միանգամից անգործունակ ճանաչեց։ Հանձնաժողովն արձանագրեց՝ հիվանդությունը բուժման, լավացման ենթակա չէ, այն կայուն դեֆեկտ է․
«Երբ մարդը չունի երևակայություն, չի կարող ունենալ հասուն անձին բնորոշ շրջապատի գիտակցված ընկալում և ծավալել գիտակցված գործունեություն։ Ի վիճակի չէ և չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։ Անուշ Շալունցը գրեթե մշտապես լուռ նստած է, նրա մոտ բացակայում է խոսքը, աջ ձեռքի շարժունակությունը։ Նստում է բերանը լայն բացած, ունի մշտական թքահոսություն, ծնոտը կախված է, հարկ է ճանաչել անգործունակ և նրա նկատմամբ սահմանել խնամակալություն»,- նշվում է փորձաքննության եզրակացության մեջ։
Առաջին կարգի անժամկետ հաշմանդամ Անուշ Շալունցը ճանաչվեց անգործունակ, սակայն խնամակալության հարցն այս պահին շատ լուրջ է։ Հայրը՝ Կամոն, դեռ ամիսներ առաջ Forrights-ի հետ զրույցում նշել էր, որ անազատության 25 տարիների ընթացքում միայն մեկ անգամ է տեսել իր աղջկան՝ 2010 թվականին։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը բազմիցս է դիմել Քրեակատարողական ծառայություն՝ իրեն «Գորիս» տեղափոխելու խնդրանքով, սակայն միայն մերժումների է արժանացել․
«Ինքը չի կարող Գորիսից էդքան ճանապարհ կտրի, գա հասնի Երևան: Ստեղից զանգում եմ իրեն, բայց չի կարողանում խոսել, միայն ձայն ա հանում, ես էլ չեմ կարողանում խոսել, ինքը լացում ա, ես էլ՝ չեմ դիմանում…»,- հուզմունքը հազիվ զսպելով մեզ էր պատմել դատապարտյալը։
Նախորդ տարի Կամո Շալունցը դիմում էր ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Ինչպես դիմումի մեջ, այնպես էլ դատարանում, Կամոն խնդրել էր հաշվի առնել աղջկա առողջական վիճակն ու նրա խնամակալության հարցը, սակայն դատարանը հաշվի չէր առել ոչ միայն հատուկ խնամք պահանջող աղջկա հանգամանքը, այլև այն, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալը դրսևորել է պատշաճ վարքագիծ և արդեն 7 տարի է, ինչ ռիսկային դատապարտյալների հաշվառումից հանվել է նրա անունը։
Պատժի կրման կիսափակ ռեժիմում գտնվող Շալունցը դեռ ամիսներ առաջ է դիմում ներկայացրել Քրեակատարողական ծառայություն՝ կիսաբաց ռեժիմ տեղափոխվելու համար, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել։
Ծառայությունը Forrights-ի զանգից հետո տեղեկացրեց, որ Շալունցի պատժի ռեժիմի փոփոխության հարցը կքննարկվի այս ուրբաթ օրը․
«Վաղաժամկետ ազատ արձակման հաջորդ դիմումը կարող եմ ներկայացնել միայն 2022 թվականին, դրա համար գոնե պատժի կրման ռեժիմի փոփոխություններով մի բանի հասնենք։ Մեղկ ա աղջիկս, էս աշխարհում մենակ ինձ ունի․․․»
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: