Կառավարության  դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում բանակում խաղաղ պայմաններում տարբեր տարիներին մահացած զինծառայողների մայրերը։ Նրանց հետ հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Սեւազգեստ մայրերը Ալեն Սիմոնյանին խնդրեցին միջնորդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի եւ լսի իրենց․

«Մենք պարոն Փաշինյանին չենք հետաքրքրում։ Մենք ուզում ենք հանդիպել պարոն Փաշինյանի հետ։ Այսքան զինվորների սպանությունը վերջապես պետք է կագնենցնե՞ն, թե՞ չէ։ Եթե մեր երեխաներին սպանողներին պատժեին, այս 13 զոհը չէր լինի։ Թող չասեն դժբախտ պատահար է, ինքնասպանություն է, հիվանդություն է, հիվանդ էր, թող չտանեին բանակ։ Զինվորը զինվորին չի սպանում, սպանում են սպաները։ Միջնորդեք, թող մեզ հետ հանդիպի պարոն Փաշինյանը։

Մենք պետք է լուրջ ձեւով իր հետ խոսենք, սենց շարունակվել չի կարող, ինչքա՞ն մենք պետք է անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, թող կիրակի լինի, թող գիշեր լինի, թող մեզ ընդունի։ Եթե կարողանում է գիրք բաժանել, թող մեզ ընդունի, զինվորը գրքից կարեւոր է։ Միջնորդեք, որ մեզ ընդունի եւ թող ներկա լինեն գլխավոր դատախազը, ՔԿ նախագահը, պաշտպանության նախարարը, որը հիմա արհամարած ունի բոլոր ծնողներին»,- նշեցին սեւազգեստ մայրերը։

Ալեն Սիմոնյանը խոստացավ միջնորդել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունի նրանց։ Մայրերի դիտարկմանը, որ գուցե պարոն Փաշինյանին շեղում են, ճիշտ չեն զեկուցում, Սիմոնյանն ասաց․

«Միշտ գոյություն ունի մեդալի հակառակ կողմը, միշտ կան հարցեր, որ մի կողմը չի ասում, մյուս կողմը տեղյակ չէ եւ այլն։ Տենց գործ չկա, քրեական գործ չկա, որ կառավարությունը, իշխանությունը որեւէ ձեւով կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում։ Խնդիրը ժամկետի հետ է հաճախ կապված լինում, դատարանների որոշման վստահության հետ է խնդիր լինում, ամեն խնդիր սուբյեկտիվ է»։

Կառավարության դիմաց հավաքվել էին նաև իրավապաշտպաններ և քաղաքացիներ՝ կառավարության նիստից անմիջապես հետո պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու և պատասխաններ ստանալու նպատակով։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կրկին շեշտեց, որ այսօր բանակում անպատժելիություն է տիրում․

«Վերջին մեր ակցիայից հետո որոշակի տեղաշարժ եղավ, հրատապ կարգով հրավիրվեցին պաշտպանության նախարարը եւ մնացած պաշտոնատար անձինք, թե ինչ են քննարկել, ես տեղեկություն չունեմ, բայց տեղի ունեցան պաշտոնանկություններ, մոտակա օրերին ԱԽ  նիստ է լինելու, բայց այս բոլոր միջոցառումներն արդյունք չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ բանակում անպատժելիություն է տիրում եւ անպատժելիությունը, որ հովանավորվում է մեր Դատախազության կողմից, քննչական մարմինների կողմից, չբացահայտելով դեպքերը։ Ես ավելի քան համոզված եմ՝ եթե 13 տարի առաջ բացահայտված լինեին այն անունները, որոնք հնչում են, գեներալները, որովհետեւ առավելագույնը, որ պատժվել է, եղել է սերժանտը»,- նշեց նա։

Pin It on Pinterest