«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 39-ամյա կալանավոր Հարություն Բ-ն երեկ ծայրահեղ քայլի է դիմել։ Նա ամորձիները մեխել է աթոռին, քանի որ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են նրան տրամադրել անհրաժեշտ չափի դեղորայքը․

«Իմ պաշտպանյալը տառապում է էպիլեպսիայի նմանվող հիվանդությամբ և նրան անհրաժեշտ է պարբերաբար ընդունել հանգստացնող դեղորայքը։ Երեկ բժիշկները հրաժարվել են որևէ բուժօգնություն տրամադրելուց։ Երբ ես պահանջեցի բժշկի հետ հանդիպում, նա չեկավ, պատճառաբանելով, որ գործադուլ են հայտարարել։ Այնինչ այդ ժամանակ Հարությունի առողջական վիճակը լավ չէր, նրա մոտ գլխապտույտներ ու ցնցումներ էին սկսվել, առանց այդ դեղորայքի իմ պաշտպանյալի մոտ ուշագնացություններ են առաջանում»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց կալանավորի պաշտպան Էդգար Թովմասյանը։

Ըստ փաստաբանի, Հարություն Բ․-ն պնդում է, որ բժիշկները չարաշում են իրենց լիազորությունները և արհեստական խոչընդոտ ստեղծում անհրաժեշտ դեղորայքի համար։ Բժիշկներն էլ, իբրև, պատճառաբանել էին՝ դեղորայք չունեն, վերջացել է։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ կալանավորին պատշաճ բուժօգնություն տրամադրվել է, սակայն Հարությունն այս անգամ նախատեսվածից շատ դեղորայք է պահանջել, ինչը չի համընկել բժշկական փաստաթղթերում առկա չափաբաժնի հետ։ Հենց այս պատճառով էլ դատապարտյալը դիմել է նման ծայրահեղ քայլի։

Փաստաբան Թովմասյանն այստեղ հակադարձում է ՊՈԱԿ-ին․ իր պաշտպանյալին միշտ էլ նույն քանակությամբ դեղորայք են տրամադրել, այս անգամը ևս բացառություն չի եղել։ Պատշաճ բուժօգնություն չտրամադրելը եղել է գործադուլ հայտարարելու պատճառով։

Կամո Մանուկյանը նշում է, որ գործադուլ, որպես այդպիսին, չի եղել․

«Եղել է փոքրիկ բողոքի ակցիա։ «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատող ՊՈԱԿ-ի բուժանձնակազմը բողոքի ակցիա է կազմակերպել, քանի որ որոշակի լարվածություն էր առաջացել թմրամոլների մոտ: Վերջիններս առանց բժիշկի ցուցումների պահանջել էին հոգեմետ դեղեր, ինչը բժիշկները չէին տրամադրել: Սակայն այս պահին բուժանձնակազմն անցել է իր գործին»,- նշեց Մանուկյանը։

Փաստաբան Թովմասյանն այսօր ևս կտեսակցել իր պաշտպանյալին։ Հարություն Բ․-ի առողջական վիճակի մասին կտեղեկացնենք պաշտպանի այցից հետո։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest