Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին, ինչպես նաև իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին։

«13 զոհերը, որոնց մասին շեշտում եք, դրանցից 4-ը հիվանդության պատճառով են եղել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանքով: Որոշ զոհերի դեպքում ես թաղմանն եմ մասնակցել, և այդ զորամասերում եմ եղել, դրանից չեմ խորշում»,-ասաց նա:

Հարցին, թե ո՞վ է պատասխան տալու զոհերի համար, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ կա օրենք, որի առաջ բոլորը հավասար են.

«Եթե մեղավորը կորոշվի դատարանի միջոցով, կպատժվի: Հիմա որևէ դեպքի վերաբերյալ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում»,-ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

ԳՇ պետը  ասաց, որ ծառայողական քննություններ բոլոր դեպերում անցկացվում են․

« Ելնելով ծառայողական քննության արդյունքներից մենք ունենք կարգապահական կանոնադրությամբ օժտված բոլոր իրավունքներով կատարված սպայական կազմի և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ, և այլ կարգապահական տույժեր: Ունենք նաև խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանությունները»:

Արտակ Դավթյանը նշեց, որ բանակում քրեական ենթամշակույթի մասով պատասխանները պետք է տրվեն քրեական գործի շրջանակներում․

«Ընդհանուր գլոբալ մեծ առումով նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաեւ հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել և բանակում չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,-ասաց նա:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնեց, որ բանակում կադրային փոփոխություններ կլինեն, որոնց մասին պաշտոնապես հրամանագրեր կլինեն:

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտոնանկ է արվելու Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, նաև հրաժարական է տալու Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արտակ Դավթյանն արձագանքեց.

«Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականը մեր իրավասության խնդիրը չէ, դա Արցախի նախագահի եւ պաշտպանության նախարարի խնդիրն է: Ընդհանրապես, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա վարչապետի իրավասության տակ է և կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրերով: Ինչ որոշում կընդունի մեր ղեկավարությունը, մենք պարտավոր ենք կատարել»:

ԳՇ պետը, ի պատասխան հարցերի, հայտարարեց, որ  կատարված, կատարվող ու կատարվելիք աշխատանքների մասին չի ցանկանում խոսել, դրանք շատ ընդգրկուն են։ Դրանց մասին 2-2.5 ժամ պատասխանել է պատգամավորների հարցերին։

«Մենք պայմանավորվեցինք, որ տեղեկատվության հետ կապված բացը կլրացնենք, կփորձենք ձևը գտնել, որ կատարվող աշխատանքների մասին հասարակությանն ավելի հասու դարձնենք»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում՝  2020թ.-ի հունվարի 1-ից մինչև փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 13 զոհ: Ընդ որում, զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Նշենք նաև, որ քրեական գործեր հարուցվել են հիմնականում ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 110․1 հոդվածով։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest