Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. Դատարանը մերժեց միջնորդությունը

325

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, մերժեց Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը, այն անհիմն որակելով։

Դատարանն արձանագրեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է կատարում նախաքննությունը, միևնույն է, հսկողությունն իրականացնում է դատախազությունը։

Սանասարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ գործով նախաքննությունն իրականացվել է քրեադատավարական էական խախտումներով: Պաշտպանների պնդմամբ՝ գործը պետք է քններ ՀՔԾ-ն և ոչ թե ԱԱԾ-ն:

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը այսօր դատարանում ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Այն ինչ նշված է մեղադրական եզրակացության մեջ իմ մասով չի համապատասխանում իրականությանը: Այս պահին ինձ մեղադրում են, որ ես իմանալով, որ իմ աշխատակիցը կապ ունի այդ ընկերության հետ թույլ եմ տվել, որ իր շահերն առաջ տանի, սակայն ես տեղյակ չեմ եղել, որ նա շահեր ունի: Եթե այսօր էլ վերադառնամ պաշտոնին թույլ չեմ տա, որ պետության հաշվին մարդիկ գերշահույթ ստանան»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Նիստը դեռ շարունակվում է, մեղադրողը ներրկայացնում է մեղադրական եզրակացությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Դավիթ Սանասարյանը, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։