Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների մահվան պատասխանատվությունը դրվել է զորամասի պաշտոնատար անձանց վրա։

Սյունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործի քննությունը վարում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք` փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը, Տիգրան Արմենի Արզումանյանը, Նվեր Տիգրանի Շահբազյանն ու Համլետ Գրենիկի Միրզոյանը մնացել էին ձնահյուսի տակ։

Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում նրանցից 3-ին մահացած էին հայտնաբերել, մեկին` շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին` մարմնական թեթև վնասվածքներով։

Ձնահյուսի տակ մահացած պայմանագրային երեք զինծառայողներից 24-ամյա Նվեր Շահբազյանը տան միակ զավակն էր։

«Մինչև պայմանագրային զինծառայող դառնալը եղել է ռեստորանի մատուցող․ երբեք որեւէ բողոք չեն ստացել։ Որոշել էր, որ մատուցող չի աշխատելու ամբողջ կյանքը, պիտի գնար ու ծառայեր հայրենիքին ու էսպես եղավ։ Խելոք ու մարդկային երիտասարդ էր»,-այս մասին պատմել է նրա քեռին։

Պայմանագրային զինծառայող Տիգրան Արզումանյանի հորեղբայրն էլ պատել է, որ վերջին անգամ Տիգրանը զրուցել է մոր հետ․

«Զանգել է, մորը, ասել է՝ մամ ջան, վերջացրինք, արդեն իջնում ենք զորամաս, անցել է մի քանի ժամ, զանգեցին, ասեցին՝ Տիգրանը չկա»։

Տիգրանը բնավորությամբ շատ հանգիստ էր, շատ ընկերասեր էր, աշխատասեր, էնքան էլ բարի էր՝ չափից դուրս։ Հորեղբայրը պատմել է, որ Տիգրանիմեծ եղբայրն էլ՝ Աշոտը, պայմանագրային զինծառայող էր, իր ժամկետը լրացավ ու դուրս եկավ բանակից, բայց Տիգրանը դեռ չէր ավարտել

Ջնահյուսի տակ մնացած Համլետ Միրզոյանը, ով ողջ էր մնացել, երեկ՝ փետրվարի 10-ին դուրս է գրվել հիվանդանոցից։

Նա լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իրենք մնացել են ձյան շատ հաստ շերտի տակ, և  չեն կարողացել դուրս գալ.

«Դիրքերից զորամաս էինք իջնում։ Ձնահյուսը վերեւից չի թափվել, այլ մեր ոտքերի տակ ձյան շերտը բացվեց, ու մենք ընկանք մեջը։ Ինչքան գոռում էինք՝ արձագանք չկար, արդեն հույս կորցրել էի, ու մեզ գտան։ Իմ գոռոցներից ինձ գտան։ Շատ խորն էր ձյան շերտը, չէինք կարողանում բարձրանալ»։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննությունը շարունակվում է:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest