2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածը հերքվել է դատաբժշկական եզրակացությամբ: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:
Փորձաքննությամբ հերքվել է այն վարկածը, թե Աջամյանը կրակել է զինծառայող Դավիթ Մելիքբեկյանի վրա, հետո իրեն է կրակել, քանի որ դատագենետիկական փորձաքննությամբ նախ հաստատվել է, որ Արթուր Աջամյանի զենքի վրա երեք տարբեր անձանց ԴՆԹ-ի խառնուրդ կա, ինչը որոշակիացնելու համար նշանակվել է լրացուցիչ դատագենետիկական փորձաքննություն, բացի այդ վիրավորում ստացած Մելիքբեկյանի հայտնաբերման վայրից հողանման զանգվածի վրա հայտնված արնանման հետքերի ու Աջամյանի պահեստատուփերի վրա հայտնաբերված արնանման հետքերի համընկում չի եղել:
Փաստաբանի խոսքով՝ դատաբժշկական եզրակացությունը հաստատել է, որ Աջամյանի վրա առկա են վնասվածքներ, եւ դրանք բծեր չեն, այլ տարբեր ժամանակահատվածներին ստացած վնասվածքներ.
«Ճակատին բութ առարկայով հասցված վնասվածք է եղել, որը հասցվել է մահվանից մեկ ժամ առաջ, ստացվում է, որ նախ գլխին է հարված ստացվել, հետո՝ հրազենային վանսվածք, տարբեր մատներին քերծվածքներ են եղել մահվանից մեկ-երկու օր առաջվա վաղեմության, ուսին՝ հին վնասվածք, ոտքին՝ սալջարդ, որը ստացել է մահվանից հինգ օր առաջ, այսինքն՝ մեկ շաբաթվա վաղեմության վնասվածքների հետ գործ ունենք»:
Փաստաբանի խոսքով, փորձաքննությամբ հստակեցվել է նաեւ, թե ինչ հեռավորությունից է Աջամյանը կրակոցը ստացել, գնդակն արձակվել է 0,3-0,5 սմ հեռավորությունից, այսինքն.
«Հենման կետ չի եղել, կտրականապես հերքվում է ինքնասպանությունը»:
Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև` Դ.Մելիքբեկյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա, տուժող Ա.Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ Ա.Աջամյանի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: