ԱՄՆ քաղաքացի 58-ամյա Նազարեթ-Հագոբ Բերբերյանը 2009 թվականի ապրիլի 25-ի երեկոյան դուրս է գալիս իր բնակարանից և այլևս չի վերադառնում: Նրա «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերվում է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Ավելի ուշ, մոտ 20 օր անց, Երևան-Սևան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում, իրավապահները գտնում են գործարարի դին: Սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու և «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով:
Ըստ մեղադրանքի, Պետրոս Թեմիրյանը, Կարեն Դալլաքյանը և Գևորգ Բադալյանը հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխել են Երևան-Սևան ճամփեզրի ձորակ, իսկ մեքենան, ըստ նախաքննական մարմնի, Բադալյանը տարել էր օդանավակայան` տպավորություն ստեղծելով, իբր Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը:
Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել միանգամից երկու հոդվածով․ կազմակերպված խումբ՝ Բերբերյանին սպանելու շահադիտական դրդումներով, ավազակությամբ նրա առանձնապես խոշոր չափերով ունեցվածքը հափշտակելու նպատակով (ՀՀ Քր. օր.-ի 104 հոդվապի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետեր, ինչպես նաև` 175 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետեր)։
Հատկանշական է, որ խմբի կազմակերպիչ համարվող Պետրոս Թեմիրյանն անձամբ է գնացել Ոստիկանություն և հայտնել Բերբերյանի անհետացման մասին։ Այդ պատճառով էլ սկզբից գործում ներգրավվել է վկա, ապա, մեղադրյալ, իսկ վերջում Դալաքյանի և Բադալյանի հետ միասին դատապարտվել ցմահ ազատազրկման։
«Ես սպանության հետ որևէ կապ չունեմ, ես էդ մարդուն ոչ տեսել եմ, ոչ տան տեղը գիտեմ, ոչ էլ անգամ գիտեմ, թե ինչ տեսք ու տարիք ունի»
Գործով անցնող մեղադրյալներից Կարեն Դալլաքյանը, ով դեպքի ժամանակ 25 տարեկան էր, մինչ օրս շարունակում է հայտարարել՝ ինքը որևէ կապ չունի Բերբերյանի սպանության հետ, մեղավոր է, սակայն մասնակի և այլ ձևով։
«Ես սպանության հետ որևէ կապ չունեմ, ես էդ մարդուն ոչ տեսել եմ, ոչ տան տեղը գիտեմ, ոչ էլ անգամ գիտեմ, թե ինչ տեսք ու տարիք ունի»։
2005 թվականին՝ զորացրվելուց հետո, Կարեն Դալլաքյանն աշխատանքի բերումով ծանոթանում է Պետրոս Թեմիրյանի հետ։ Վերջինս, իմանալով Դալլաքյանի ֆինանսական սուղ վիճակի մասին, 2009 թվականի մարտին զանգահարում է և հանդիպում, շահագրգռելով՝ մեծ գումարի հետ կապված գործ մասին։․
«1991 թվականին հայրս լքեց մեզ, մնացի մորս հետ մենակ։ Ապրում էինք վարձակալված բնակարաններում, հենց էդ նուրբ տեղը գտնելով էլ Պետրոսն ինձ ներքաշեց էս գործի մեջ։ Պատմեց, որ ծանոթացել ա մի մեծահարուստի հետ ու ցանկանում ա քնացնելու միջոցով գումար հանի քարտերից։ Ասում էր՝ շատ գումար ունի էդ մարդը, չի հասկանա, որ պակասել ա։ Ըստ Պետրոսի պլանի, քարտերից պետք ա գումար հանեինք կամ առևտուր անեինք։ Ասեց՝ ես ազատ ելումուտ ունեմ իրա տանը, ինձ շատ ա վստահում»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց Կարեն Դալլաքյանը։
Ծրագրի իրականացման համար Պետրոսը Կարենին միայն թվականի ապրիլի 27-ին։ Հանդիպում են Տիգրան Մեծ փողոցում։ Պետրոսը Կարենին է մեկնում պլաստիկ քարտ և ուղղորդում գնում կատարել մոտակա խանութից։ Կարենի այն հարցին, թե ի՞նչ է արել Բերբերյանին, Պետրոսը պատասխանել է՝ անցանք էդ, դու գնա առևտուր արա։
Գնում կատարել, սակայն, չի հաջողվում․ քարտն օգտագործելու համար համապատասխան կոդ էր անհրաժեշտ։ Պետրոսը ոչինչ չի պատասխանում և հրաժեշտ է տալիս Կարենին։ Վերջինս օրեր անց անարգել մեկնում է Մոսկվա՝ աշխատելու։
«Ու Պետրոսին էլ չտեսա մինչև 2010 թվականը, երբ մեկնարկեց դատավարությունը»։
«Ուզում ես էս սեյֆի միջի դուբինկեքի հետ մոտիկից ծանոթացնե՞մ»
Կարեն Դալլաքյանը գործով անցնում և «Ինտերպոլ» միջազգային հետախուզման է ենթարկվում 2009 թվականի սեպտեմբերի 21-ից։ Նրան հայտնաբերում և բերման են ենթարկում դեկտեմբերի 29-ին, Ոստիկանություն տեղափոխում՝ հենց օդանավակայանից․
«Մինչև այդ ես տեղյակ էլ չեմ եղել, որ նման բան ա տեղի ունեցել, քանի որ տեղյակ լինելու դեպքում՝ չէի կարող իմ անձնագրով Մոսկվա մեկնել»։
Ոստիկանությունում, որտեղ այդ ժամանակ պետը Աշոտ Կարապետյանն էր, Դալլաքյանին խոշտանգում են։
«Ինձ ծեծել ա իրա տեղակալը, հետախուզության բաժնի պետը, նույնիսկ՝ վարորդը․ մոտ 7-8 հոգով էին։ Ինձ ամբողջովին մերկացրին ու ոտքերով, ձեռքերով սկսեցին ծեծել, էնքան, որ արդեն չէի կարողանում հասկանալ, թե շուրջս ինչ ա կատարվում։ Համ ծեծում էին, համ ասում՝ ուզում ես էս սեյֆի միջի դուբինկեքի հետ մոտիկից ծանոթացնե՞մ։ Մի ծանր բանով էլ պետի տեղակալը մի քանի անգամ տվեց գլխիս։ Ոտքերս, գլուխս չէի զգում, չէի կարողանում քայլել, իրենց ուզածը մի բան էր՝ գրեի ու ստորագրեի իմ չգրած ցուցմունքի տակ»,- մանրամասներն է հիշում Դալլաքյանը։
Ֆիզիկական բռնության բացի, Կարենին նաև հոգեբանորեն էին ճնշում։ Պարբերաբար հիշեցում էին՝ մամայիդ տեղն էլ լավ գիտենք, գիտենք ով ունես, ով չունես։
«Հոգեբանական ահավոր վիճակում էի, ես չէի կարող հերքել կամ չանել իրենց ուզածը։ Սպառնում էին, ես էլ միայն մայր ունեի, թույլ չէի տա նրա նկատմամբ ճնշումներ անեին։ Ինձ թուղթ բերեցին, որտեղ ամեն ինչ գրած էր ու ուղղակի պետք ա ես ստորագրեի, ուրիշ տարբերակ չունեի․․․Ծեծելուց հետո ինձ բերեցին այստեղ ու դեկտեմբերի 30-ից մինչ օրս ես «Նուբարաշեն»-ում եմ»։
«Ես չէի մտածում, որ ինձ ցմահ կտան, շոկի մեջ էի»
«Ինքնախոստովանական» ցուցմունքից բացի, Դալլաքյանը դատապարտվում է նաև Թեմիրյանի ցուցմունքների հիման վրա։ Ըստ Կարենի, Պետրոսի բոլոր տասը ցուցմունքները տարբեր են եղել․
Գործը քննող քննիչն էլ իր հերթին, օգտվելով Դալլաքյանի ոչ իրավագիտակից վիճակից, ճնշել է՝ եթե քո տված ցուցմունքից տարբեր ցուցմունք տաս, դատարանը դա կընդունի որպես պատժից խուսափելու փորձ և ավելի ծանր կդիտարկի։
Դատարանում ևս, Դալլաքյանն իրեն պաշտպանել չի կարողացել։ Որպես փաստաբան ներգրավվել է հանրային պաշտպան, ով, չի կարողացել պատշաճ պաշտպանությւոն իրականացնել։ Գործով անցնող երեք ամբաստանյալներին դատապարտում են ցմահ ազատազրման, ինչն անակնկալ է լինում Դալլաքյանի համար․
«Ես չէի մտածում, որ ինձ ցմահ կտան, շոկի մեջ էի։ Անակնկալի եկա, բայց դատարանում ոչ մի բառ չկարողացա ասել»։
«Եթե իմ մեղավորությունն ապացուցվի, ես պատրաստ եմ կրել սահմանված պատիժը»
Այսօր Կարեն Դալլաքյանը շարունակում է բարձրաձայնել, որ ինքը մեղավոր չէ, կատարվածի հետ որևէ առնչություն չունի, իր կողմից տրված ցուցմունքները կեղծ են և ստորագրել է ճնշումների տակ․
«Եթե իմ մեղավորությունն ապացուցվի, ես պատրաստ եմ կրել սահմանված պատիժը։ Երբ հասկանում ես, որ դատապարտվել ես զուտ նրա համար, որ ճանաչել ես տվյալ անձնավորությանը, հասկանում ես, որ կյանքդ անիմաստ ա դարձել»,- վստահ հայտարարում է նա։
10 տարի անազատության մեջ գտնվող Դալլաքյանն իր բողոքը բարձրացրել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, սակայն ստացել պատասխան, որում վարչապետը նշել է՝ դատավարական գործողություններին չի խառնվում։
Կարենը մատնանշել է նաև նոր երևան եկած հանգամանքը, որի շնորհիվ հնարավոր կլիներ գործը վերաբացել։ Նա մատնանշում է Բերբերյանի ընկերոջ՝ Արա Մանուկյանի «Բարև» հաղորդաշարին տված հարցազրույցը, որտեղ վերջինս իր սեփական հետաքննություն է ներկայացնում․
«Ես ուզում եմ, որ Արա Մանուկյանին կանչեն, ինքը ներկայացնի իր 100 էջից ավել հետաքննությունը։ Անգամ կասկած կա, որ Բերբերյանի մահն ավելի ուշ ա վրա հասել, ինչը ցույց կտա, որ այդ ժամանակ ես արդեն Մոսկվայում եմ եղել ու դեպքի պահին Հայաստանում անգամ չեմ եղել»։
Ռոզա Վարդանյան
Լուսանկարը և տեսանյութը՝ Անի Գևորգյանի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: